Ubisoft ընկերության համահիմնադիր և Guillemot Corporation-ի գործադիր տնօրեն Կլոդ Գիյեմոն մահացել է 69 տարեկանում։ Ինչպես հաղորդում են Ouest-France-ը և ֆրանսիական լրատվամիջոցները, ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հունիսի 19-ին՝ Ֆրանսիայի Լա Բոլ-Էսկուբլակ կոմունայում։
Ըստ Loire-Atlantique-ի հրշեջ-փրկարարական ծառայության (SDIS 44) տվյալների՝ Կլոդ Գիյեմոյին պատկանող Cessna 421 ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջքի փուլում։ Ինքնաթիռի կործանումից հետո բռնկված հրդեհը տարածվել է մոտակա տարածքում։ Լա Բոլի քաղաքապետ Ֆրանկ Լուվրիեն հայտնել է, որ ականատեսները տեսել են, թե ինչպես է ինքնաթիռը վայրէջքից առաջ շրջադարձ կատարել, որից հետո տեղի է ունեցել ողբերգությունը։ Վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող երկու անձինք էլ։
Կլոդ Գիյեմոն 1986 թվականին իր չորս եղբայրների՝ Իվի, Միշելի, Քրիստիանի և Ժերարի հետ միասին հիմնադրել է Ubisoft-ը՝ աշխարհահռչակ Assassin’s Creed և Far Cry խաղերի արտադրող ընկերությունը։ Իր մահվան պահին նա զբաղեցնում էր Guillemot Corporation-ի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնը, որը մասնագիտացած է խաղային աքսեսուարների արտադրության մեջ։
Ubisoft ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ խորը վշտով է ընդունել իրենց համահիմնադրի մահվան լուրը։ Ընկերությունը հավելել է, որ այս պահին այլ մանրամասներ չեն հրապարակվի՝ հարգելով ընտանիքի անդամների գաղտնիությունը։

