fbpx
Առողջապահություն

Առողջապահության նախարարությունը առաջարկում է դիահերձել կորոնավիրուսից մահացածներին

Առողջապահության նախարարությունը որոշել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձին ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը հանել:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը նախարարությունն այսօր դրել է շրջանառության մեջ։

Հիշեցնենք, որ անցած տարի մայիսին ԱԺ-ն ընդունեց նույն օրենքում փոփոխությունը՝ նախարարության առաջարկով, որով սահմանվեց կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձում չիրականացնել։ Այն ժամանակ նախարարն Արսեն Թորոսյանն էր, իսկ նրա տեղակալ Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում օրենքում փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորեց հետևյալ կերպ․ «Օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ողջ աշխարհում համաճարակաբանական լարված իրավիճակ է: ԱՀԿ-ն բոլոր երկրներին հորդորում է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: ՀՀ-ում գործող ախտաբանական-անատոմիական ծառայությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում միջազգային չափանիշներին: Բացի այդ, կորոնավիրուսի վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ: Մյուս կողմից, դիակի ներսում վարակի ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված է: Հերձման հետևանքով վարակի տարածման անդառնալի հետևանք կարող է առաջանալ, ուստի անհրաժեշտ է այս հիվանդության հետևանքով մահվան դեպքում չիրականացնել հերձում՝ վարակի տարածումը կանխելու նպատակով»։ Այժմ առողջապահության նախարարությունը մոտ մեկ տարի առաջ իր առաջարկությամբ փոփոխությունն, ըստ էության, վերացնում է։

Հիմա նախարարությունը հիմնավորում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքից հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ