Այսօր տեղեկություն էր տարածվել, թե երկրաշարժ է լինելու, և այդ պատճառով «Դալմա Մոլի» այցելուները, խուճապի մատնված, զանգվածաբար սկսել են լքել շենքը։ ԱԻՆ օպերատիվ խումբը ժամանել է առևտրի կենտորն, որպեսզի մարդկանց տեղեկացնի, որ այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականութմանը։
Պարզվում է, որ առևտրի կենտրոնի երկրորդ հարկում ցնցումներ են զգացվել մոտ 30 րոպե։ Նախնական վարկածով՝ ցնցումների պատճառը շրջակայքում ինժեներական աշխատանքներն են։
Այժմ ԱԻՆ աշխատակիցները ստուգումներ են իրականացնում չափիչ սարքերով՝ ցնցումների պատճառները հասկանալու համար։ Այս պահի դրությամբ ցնցումներ չկան։
Հիշեցնենք, որ սպասվող երկրաշարժի լուրերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն է տարածել սեյսմիկ ծառայությունը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»,-նշված է հաղորդագրության մեջ։