Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության դեմ՝ նշելով, որ դրանում չի տեսնում որևէ հիմք, որը նախատեսված կլինի օրենքով:
Միջնորդության դեմ առարկելիս մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն այն որակեց սադրանք՝ ասելով, որ պաշտպանները դատավորի վերաբերյալ արտահայտություններ արեցին, դրանք ներկայացրին որպես անկողմնակալությունը կասկածի տակ դնող հանգամանք և դրեցին ինքնաբացարկի հիմքում. «Այսինքն՝ ըստ պաշտպանների՝ կարելի է, պատկերավոր ասած, դատարանին վիրավորել, և հաջորդ քայլին ասել՝ քանի որ ես ձեզ վիրավորեցի, դուք իմ նկատմամբ ունեք կողմնակալ վերաբերմունք, և ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել»:
Դատախազի խոսքով՝ այդ հրապարակումները շատ սուբյեկտիվ են և պետք է քննարկվեն նախագահող դատավորի կողմից. «Բայց սա, պատկերավոր ասած, սադրանք էր՝ ուղղված դատարանին՝ ասելով, որ դուք այս գործը չպետք է քննեք, քանի որ ստեղծում ենք նման հիմքեր, բայց սա արդարադատություն իրականացնելու ոճ չէ»:
Առավել մանրամասն՝ Armtimes.com

