fbpx
Իրավական

Արարատի մարզի դատախազությունն աշխատանք է կատարել պետական շահերի պաշտպանության ոլորտում

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2020թ. ընթացքում Արարատի մարզի դատախազությունն ընդգրկուն աշխատանք է կատարել պետական շահերի պաշտպանության ոլորտում: Ուսումնասիրություններ են կատարվել մարզի տարածքում հեռահաղորդակցության կայաններով ծանրաբեռնված հողատարածքների վարձակալության, համայնքներում իրականացված ինքնակամ շինարարությունների, ինչպես նաև ձկնաբուծարանների գործունեության օրինականության ոլորտներում: Գործուն քայլեր են ձեռնարկվել հատկապես ձկնաբուծության ոլորտում արձանագրված խախտումների վերացման, դրանց քրեաիրավական գնահատականներ տալու, ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների շինությունների, տարածքների օրիանականացման ուղղությամբ:

Մասնավորապես, մարզի տարածքում կառուցված և գործող ինքնակամ ձկնաբուծարանների ոլորտի ուսումնասիրության շրջանակներում հարցումներ են կատարվել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, իրենց համայնքների տարածքներում ձկնաբուծական տնտեսություններ ունեցող 12 ՏԻՄ-եր: Մարզի դատախազությունում կազմակերպվել է ձկնաբուծությամբ զբաղվող 45 տնտեսվարողների ներկայացուցիչների ընդունելություն:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի 12 համայնքների տարածքում առկա գործող և չգործող 131 ձկնաբուծարաններից 41-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի իմաստով հանդիսանում են ինքնակամ շինություններ կամ իրենց տարածքներում ունեն այդպիսիք: Խախտումներ են արձանագրվել Արարատի մարզի 4 համայնքների ներկա և նախկին ղեկավարների կողմից հողօգտագործման և հողերի պահպանման բնագավառներում։

Ուսումնասիրության և նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Սիս համայնքից վարձակալած 11,32 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի վրա ՍՊԸ-ի կողմից կառուցվել է 5 հա ամբողջությամբ ինքնակամ՝ քարաբետոնե ձկնաբուծական՝ կազմված լճակներից և այլ ինքնակամ շինություններից: Ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո Արարատի մարզի դատախազի կողմից նախազգուշացում է ուղարկվել Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավարին՝ վարձակալության պայմանագիրը օրենքով սահմանված կարգով լուծելու կամ սահմանված կարգով ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու ուղղությամբ: Դրա հիման վրա Սիսի համայնքապետարանում կազմակերպված հանդիպման արդյունքներով համայնքի ղեկավարի որոշմամբ ինքնակամ կառույցներն օրինականացվել են և ճանաչվել համայնքային սեփականություն, ապա իրականացվել է նշված կառույցները և դրանց սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ 10,75876 հա հողատարածքի ուղղակի գնման գործընթաց, որի շրջանակներում համայնքի հաշվեհամարին փոխանցվել է ընդհանուր շուրջ 111 մլն ՀՀ դրամ։

Ուսումնասիրության ընթացքում տարված բացատրական աշխատանքների արդյունքում նաև Սիս համայնքի տարածքում գտնվող մեկ այլ՝ 25 հա գյուղատնտեսական նշանակությամբ արոտավայրի վրա ամբողջությամբ ինքնակամ կառուցված 2500քմ մակերեսով քարաբետոնե ձկնաբուծարանն օրինականացնելու ուղղությամբ կազմվել են համապատասխան սխեմաներ, որոնք ներկայացվել են իրավասու մարմիններին՝ ձկնաբուծարանն օրինականացնելու համար։ Օրինականացվելու դեպքում Սիս համայնքի բյուջե կարող է վճարվել ավելի քան 15.000.000 ՀՀ դրամ գումար։

Ուսումնասիրության արդյունքներով մարզի մի քանի համայնքների մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների վերաբերյալ պաշտոնատար համապատասխան անձանց կողմից հողերի վերահսոկղության և պահպանման ոլորտում առերևույթ լիազորությունների չարաշահման հանգամանքները լրիվ, օբյետիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքին իրավական գնահատական տալու նպատակով Արարատի մարզի դատախազության դատախազի դատավարական հսկողության ներքո քննվում են մի քանի քրեական գործեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ