fbpx
Իրավական

Դատախազը՝ Քոչարյանի փաստաբաններին գործի բոլոր նյութերը չհանձնելու վերաբերյալ

Քննությունը հիմա էլ շարունակվում է, և նյութերի հրապարակումը կլիներ քննության գաղտնիքի մասին օրենսդրության պահանջի խախտում։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասել է դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ բացատրելով, թե ինչու է դատախազությունը հակառակվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի բոլոր նյութերը հանձնելուն։

Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի մասը առանձնացվել է առանձին վարույթով, համապատասխանաբար՝ դրան վերաբերող նյութերը հանձնվել են պաշտպանության կողմին։

Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ գործի նյութերի լրիվ ծավալին ծանոթանալու արգելքը սահմանափակում է իր պաշտպանյալի իրավունքները։

«Դատախազությունը ընտրովի է ներկայացրել նյութերը, օրինակ, կան մեկ ոստիկանի ցուցմունքները ինչ-որ դրվագի մասին, բայց չկան այդ դրվագի մասին մյուս ոստիկանի ցուցմունքները։ Փոխարենը կան նյութեր իրադարձությունների մասին, որոնք ոչ մի կապ չունեն Քոչարյանի և մյուսների գործի հետ։ Դա անվստահություն է ներշնչում դատախազության գործունեության նկատմամբ»,-ասել է փաստաբանը՝ նշելով, որ պաշտպանության կողմը չի խնդրում քննության վերականգնումից հետո ստացված նյութերը։

Փաստաբանի խոսքով՝ պաշտպանության կողմը կարող է նյութերի հետ ծանոթանալ քննության գաղտնիքի շրջանակում՝ համապատասխան գրություն տալով չհրապարակման մասին, իսկ եթե հայտնաբերվեն պաշտպանության իրականացման համար կարևոր նյութեր՝ միջնորդել դատարանում դռնփակ դրանց դիտարկման մասին։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը բավարարել էր փաստաբանների միջնորդությունը գործի բոլոր նյութերը հանձնելու մասին։ Դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ ատյանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ