Դավիթ Ադիկի Ավոյանը ծնվել է 2001 թվականին Արագածոտնի Զարինջա համայնքում։ 2019 թվականի դեկտեմբերի 27-ից ծառայության է անցել Ասկերանում։
Դավիթի մայրը՝ Արաքսյան, մեզ հետ զրույցում պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ին։ «Դավիթը հաղորդագրություն է գրել եղբորը, ասել, որ իրենց Հադրութ են տեղափոխում։ Դրանից հետո ո՜չ զանգ է եղել, ո՜չ հաղորդագրություն»,- պատմեց տիկին Արաքսյան։
Հաջորդ օրը տիկին Արաքսյան զանգել է այն հեռախոսահամարով, որով զանգել է Դավիթը։ «Զանգեցի պարզվեց՝ ընկերոջ համարն է, իմացա՝ էտ երեխեն վիրավոր է՝ կանտուզիա է ստացել, «Հանրապետական» հիվանդանոցում է»։
Վերջին տեղեկություններով՝ Հադրութ տեղափոխվելիս Դավիթը և երկու ընկերները ճանապարհին առաջադրանք են ստացել, հենց այդ օրն էլ նրանց երեքի վերջին զանգն է եղել։
«Ամուսինս այժմ Արցախ է մեկնել՝ անձամբ մասնակցելու որոնողական աշխատանքներին»,- նշեց տիկին Արաքսյան։
Դավիթի զինակից ընկերներից 16-ը վիրավոր են։ Դավիթի մայրը պատմում է՝ գնացել են հիվանդանոց, այցելել որդու ընկերներին։ «Զրուցել ենք 15 զինվորի հետ, մեկը վերակենդանացման բաժանմունքում է եղել։ Ոչ մեկը մեզ ոչինչ չի պատմել։ Իրենց վրա մեծ ուժով ու հանկարծակի են հարձակվել, չեն հասցրել տեսնել Դավիթիս հետ ինչ է եղել»։
Հարազատները ամենուր փնտրել են Դավիթին։ Դիմել Կարմիր Խաչին, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն,Պաշտպանության նախարարություն, բայց ասել են, որ նրա անունը ո՜չ գերիների ցուցակում է, ո՜չ զոհվածների։
