Ռազմական գործողությունների ընթացքում բնապահպան ակտիվիստները հայտնաբերել են Սև ծովում դելֆինների մահվան ավելի քան 900 դեպք, դիերը հայտնաբերվել են Ուկրաինայի, Թուրքիայի և Բուլղարիայի ափերին։ Այս մասին The New York Times-ին հայտնել է Ուկրաինայի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների նախարար Ռուսլան Ստրելեցը։
Հուլիսի ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել են տասը դելֆինների մարմիններ, որոնք ուսումնասիրվում են՝ պարզելու մահվան պատճառը։ Ստրելեցն այս միտումն անվանել է «պատերազմական նոր մարտահրավեր»:
Հրատարակությունը նշում է, որ դելֆինները սատկում էին դեռևս Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ոչնչացումից առաջ։ Սակայն դրանից հետո հեղեղաջրերը պարունակում էին ծանր մետաղներ, թունաքիմիկատներ, ֆոսֆոր և ազոտ, որոնք կուտակվել էին պատնեշի հետևում նստվածքներում։ Դրանց մուտքը Սև ծով հանգեցրել է ջրիմուռների զանգվածային ծաղկման, որոնք կարող են թունավոր լինել:
Գիտնականները կարծում են, որ ռազմանավերի կողմից օգտագործվող սոնարը խանգարում է դելֆինների կողմնորոշմանը, քանի որ կենդանիները նման կերպ են օգտագործում էխոլոկացիան, գրում է թերթը։
Կենդանիների պաշտպանության ուկրաինական UAnimals կազմակերպությունը լայնամասշտաբ մարտերի միայն առաջին տարում սատկած սևծովյան դելֆինների թիվը գնահատում է 50 հազար։ Սակայն դատաբժշկական փորձաքննություններին մասնակցած գիտնականները զգուշանում են այս տվյալներից։ Դեռևս հնարավոր չէ գնահատել, թե քանի դելֆին է մահացել կոնֆլիկտի ուղղակի արդյունքում, ասել է Ուկրաինայի ծովային էկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության դոկտոր Պավել Գոլդինը։
«Նրանք ծովային էկոհամակարգի համար կարևոր արարածներ են: Եթե դելֆինները վատ վիճակում են, ապա ամբողջ էկոհամակարգը կլինի վատ վիճակում»,- ասել է Գոլդինը։