Նոր քաղաքական կուսակցություն ստեղծելով՝ հանդես եմ գալու որպես ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Interfax-ին տված հարցազրույցում։
«Նոր քաղաքական ուժը լինելու է կենտրոնամետ-աջ կենտրոնամետ ուժ, իսկ գաղափարախոսության ու ծրագրերի հիմքում ներդաշնակորեն կմիահյուսվեն ավանդույթներն ու առաջընթացը: Ներկա դրությամբ լայն խորհրդակցությունների գործընթացի մեջ ենք համախոհների և հնարավոր գործընկերների հետ, և միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո կներկայացնենք հստակ ծրագրային դրույթներն ու հետագա գործողությունների «ճանապարհային քարտեզը»: Նոր քաղաքական ուժն ընդդիմություն կլինի»,-ասել է Վանեցյանը:
Նա ընդգծել է, որ ներկա դրությամբ Հայաստանում շատ խնդիրներ են առաջացել, որոնք լուծում են պահանջում, իսկ կառավարությունը հետ է կանգնել 2018 թվականի գարնան «թավշյա հեղափոխության» նպատակներից:
Վանեցյանի խոսքով՝ Հայաստանում «հնարավոր չէ վերադարձ անցյալին»: Միաժամանակ նա դեմ է հասարակության շրջանում «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» սկզբունքով կոշտ սահմանազատմանը:
«Այս հենակետն այսօր, ինչպես երևում է, հարմար կանոն է դարձել գործող իշխանության համար, ինչը անթույլատրելի է իրավական պետություն ստեղծելու, իշխանության ճյուղերի տարանջատման և քաղաքացիական հասարակության տեսանկյունից: Իմ խորին համոզմամբ՝ այսօրվա Հայաստանում ծայրահեղականության ու ծայրահեղությունների համար տեղ պետք է չլինի: Սև-սպիտակ քաղաքական դաշտին այլընտրանք կա, աշխարհը լի է գույներով… Եվ մենք մտադիր ենք մեր ուրույն տեղն ունենալ ընդհանուր քաղաքական գունապնակում»,-ասել է ԱԱԾ նախկին ղեկավարը:
Նա նշել է նաև, որ «թավշյա հեղափոխության» օրերին Հայաստանում մարդիկ ցանկանում էին արդարություն, կենսամակարդակի բարձրացում, որակյալ ծառայություններ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում՝ հավելելով, որ խոստացան և չարեցին։
«Լայն հասարակական համախմբման փոխարեն, առանց որի Հայաստանը չի կարող հաղթահարել երկրի ու հասարակության առաջ ծառացած սպառնալիքները, մենք ստացանք նոր ներքին ճեղքումներ, բաժանումներ «սևերի ու սպիտակների», «հների ու նորերի», «համաձայնների և ոչ այնքան համաձայնների», որոնք անողոքաբար կռվում են միմյանց դեմ համընդհանուր ատելության մթնոլորտում: Առանձին թեմա է ուժային կառույցներում այս ամենի անթույլատրելիությունը»,-ասել է Վանեցյանը:
Վանեցյանը նշել է, որ 2019 թվականին, երբ նա լքեց ԱԱԾ տնօրենի պաշտոնը, իր և Նիկոլ Փաշինյանի տարաձայնություններն անհաղթահարելի էին դարձել: