Հունիսի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի առողջապահության նախարար Սորինա Պինտեայի (Sorina Pintea) հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առողջապահության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ` ներառյալ առողջապահության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններն ու փորձի փոխանակման և վերապատրաստումների կազմակերպումը։
Նախարարն անդրադարձավ 1994թ. Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկագիտության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վերանայման անհրաժեշտությանը` հույս հայտնելով, որ այն նոր շունչ կհաղորդի առողջապահության նախարարությունների միջև առկա երկկողմ համագործակցությանը:
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն կազմակերպել մասնագիտական պատվիրակությունների փոխայցելություններ` վերոնշյալ և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման ու փոխգործակցության հաստատման նպատակով։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։