fbpx
Հասարակություն

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, այց է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Այս մասին տեղեկանում ենք «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Facebook-ի էջից։

«Տիկին դեսպանին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված 3 խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Անն Լույոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Տիկին Լույոն շրջեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նա գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, ապա այցի ավարտին եղավ նաև թանգարանի պատկերասրահում, որտեղ ներկայացված է «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցադրությունը:

Շնորհակալություն հայտնելով տիկին Անն Լույոյին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրեց ՀՑԹԻ վերջին հրատարակություններից»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ