Երեկ կառավարությունն ընդունել է 28.02.2019 թվականի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի` անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի առողջապահության նախարարության թույլտվությունը:
Այսպիսով` փոխադրող կազմակերպությունների կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերը` առանց հավաստագրի կարող են ներմուծել առանց առողջապահության նախարարության հատուկ թույլտվության` տարվա ընթացքում մեկ անգամ «մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ» քանակով:
Ներմուծման ժամանակ նախարարության թույլտվությունը պարտադիր է, եթե սահմանված քանակները գերազանցվում են: Այս դեպքում թույլտվությունը տրվում է գործող կարգի 49-52-րդ կետերի համաձայն` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:
Նշենք, որ կարգն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: