fbpx
Քաղաքականություն

ԼՀԿ-ն դիմելու է ՍԴ և վիճարկելու է Սահմադրական փոփոխությունների նախագիծը

Այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ասաց, որ Ազգային ժողովը ժամերի ընթացքում ընդունեց Սահմանադրական փոփոխությունները և խախտելով Սահմանադրությունը այն չուղարկեց ՍԴ կարծիքի համար:

«Բացի այդ, ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարեց, որով ՀՀ նախագահին զրկեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստորագրելու իրավունքից»,-ասաց նա:

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր հերթին նշեց. «Միջին իրավաբանական գիտելիքներ ունեցող ՀՀ քաղաքացու համար պարզ էր, որ այն բոլոր գործողությունները, որ կատարվեցին խախտում են Սահմանադրությունը: Առաջին խախտումն այն է, որ երբ ԱԺ-ի կողմից ընդունվում են սահմանադրական փոփոխությունները, մինչև երկրորդ ընթերցումը պետք է ուղարկվեն ՍԴ եզրակացության համար: Դա կարգավորվում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով: Սա ակնառու խախտում է և այս հարցը պետք է դառնա քննարկման առարկա: ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը որը տալիս է ընթացակարգ, թե ինչպես պետք է տեղի ունենա ՍԴ դիմումը, այլ կերպ է մեկնաբանվել իշխանության ներկայացուցիչների կողմից:

Մյուս կարևոր խախտումն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններով ՀՀ նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու իրավունքից, ինչը ևս ՀՀ օրենսդրության և Սահմանադրության խախտում է:

Այս խախտումների հիման վրա Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ԱԺ պատգամավորների 1/5-ին դիմել ՍԴ: ՍԴ դիմելու հիմքերից մեկը օրենքների, ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի վիճարկումն է: Այս հիմքով վիճարկվելու է ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան փոփոխությունները, որով ՀՀ նախագահինզրկել են իր լիազորություններից:

Մեկ այլ հիմքը սահմանադրական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է: Վեճն այն է, թե արդյոք ԱԺ-ն իրավունք ուներ չդիմել Սահմանադրական դատարան, թե ոչ: Այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը ՍԴ-ն է»:

Անդրադառնալով նրան, որ պետք է ՍԴ-ում վիճարկվեր սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը, Տարոն Սիմոնյանն ասաց. «Սահմանադրության 168-րդ դրույթի համաձայն դա չի կարող վիճարկվել ՍԴ-ում, որովհետև սահմանադիրը այդ դրույթը գրել է այն կանխավարկածով, որ ԱԺ-ն ինքը պարտավոր է դիմել ՍԴ:

Եթե մեր գործընկերները այս հիմքերն նտեսում են, ապա ես հիմքեր ունեմ կասկածելու, որ նրանք կամ գիտակցված խեղաթյուրում են Սահմանադրության պահանջները, կամ էլ ամբողջ հասարակության մեջ ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում»:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ կա պնդում, որ այս ամենը առնչություն ունի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության հետ, որը նախատեսված է հուլիսի 7-ին:

Մարուքյանը հայտնեց, որ որպեսզի որևէ ձևով չմիջամտեն այս գործընթացին, այինքն չընկալվի, որ իրենք նույնպես փորձում են միջամտել այս գործընթացին նրանք ՍԴ կդիմեն ավելի ուշ:

«Վեճի հետ կապված հարցերով Սահմանադրությունը տալիս է 3 ամիս ժամկետ, իսկ օրենքի հետ կապված ընդհանրապես ժամկետ չկա: Հիմա մենք դիմումի վրա կաշխատենք, կուժեղացնենք, և հենց որ երկրորդ նախագահի գործով նիստը տեղի կունենա և կավարտվի, ՍԴ կմուտքագրվի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված մեր դիմումը: Մոտավորապես օրերի խնդիր է: ԼՀԿ-ն գործընթացը պահպանելու է միայն իրավական տիրույթում, և թույլ չենք տալու, որ կողմերից մեկն ի շահ իրեն ծառայեցնի այս գործընթացը: Ավելին, մենք ըստ էության, սկզբունքային պաշտպանության դերից ենք հանդես գալիս»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ