fbpx
Քաղաքականություն

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Մայիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Արտակ Ապիտոնյանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նշված սադրիչ գործողությունները շարունակությունն են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության, որը զուգակցվում է մայիսի 16-ին Ադրբեջանում մեկնարկած զորավարժություններով, որոնք անց են կացվում առանց նախապես տեղեկացման և 2011թ․ Վիեննայի փաստաթղթի պահանջների խախտմամբ։

Արտակ Ապիտոնյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար և այդ համատեքստում Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության համապատասխան արձագանքը:

«Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության», ավելացրել է ԱԳ նախարարի տեղակալը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ