fbpx
Կառավարություն

Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների. Կառավարության ծրագիր

Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության:

Ըստ կառավարության հնգամյա ծրագրի՝ ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին:

Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ:

Առանցքային են կրթության բովանդակության արդիականացումը՝ ուղղված  սովորողների ճանաչողական, անձնային և միջանձնային հմտությունների զարգացմանը, դասավանդողների կարողությունների զարգացումը, մասնագիտության հեղինակության և սոցիալական ապահովության մակարդակի բարձրացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը:

Հանրակրթության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝

– բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի.
– ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ.
– ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ.
– ապահովել բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով.
– անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը.
– նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը,  դասավանդման մոտեցումները:

Մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝

– կրթական ծրագրերի արդիականացմանը` ուղղված տնտեսության և աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին.
– նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթության և ուսուցման որակը բարձրացնելու համար գործատուների ակտիվ ներգրավմամբ ներդնել և ընդլայնել դուալ կրթական համակարգը՝ հաշվի առնելով տարածքային զարգացման գերակայությունները։
Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝
– բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնմանը, արդյունավետ կառավարման, հավասարակշռված հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծմանը.
– բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավմանը, բարձրագույն կրթության մեջ հետազոտական բաղադրիչի շարունակական մեծացմանը.
– կրթական ծրագրերի բովանդակության և կառուցվածքի վերանայմանը՝ ուղղելով դեպի ուսումնառության վերջնարդյունքները՝ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) պահանջներին համապատասխան.
– ուսանողի անհատական կրթական հետագծի ապահովմանը՝ կրթական ծրագրերի ճկուն կառուցվածքի ներմուծմամբ.
– բարձրագույն կրթության միջազգայնացմանը, շարժունության հնարավո-րությունների ընդլայնմանը.
– եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ուղղությունների և սկզբունքների իրականացմանը.
– բարձրագույն կրթության ֆինանսավորման աստիճանական ավելացմանը, ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը՝ զուգընթաց վերանայելով ուսումնական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցների սկզբունքները, ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը, ուսումնական հաստատության գործունեության արդյունավետության ցուցանիշները:

Գիտության ոլորտում անհրաժեշտ է՝

– բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետա-զոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին.
– Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված,  երկրի տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն ամիջականորեն նպաստող.
– ստեղծել գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցու-թյան կենտրոններ՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտում.
– սերտացնել կրթություն-գիտություն կապը՝ նպաստելով բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ցանցերի ձևավորմանը՝ ըստ գիտական գործունեության բնագավառների և ապահովելով ուսանողների տեղաշարժը ցանցի մաս կազմող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում.
– գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսա-վորման մեխանիզմներ.
– ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։

Կառավարության կողմից նշված նպատակներին հասնելու համար կարևոր է լինելու կրթական և գիտական ծրագրերի շարունակականության ապահովումը, կրթական և գիտական ծառայությունների բովանդակության և ծրագրերի՝ շուկայի, հասարակության և պետության պահանջարկին համաժամանակեցումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ