Իկոնիկ

Դալիի երազները. Վիրտուալ իրականության ուղևորություն դեպի սյուրռեալիզմ

Տեխնոլոգիայի առաջընթացի և դրա արվեստի հետ համատեղման շնորհիվ այսօր հնարավոր է ճանապարհորդել բոլոր ժամանակների ամենասիրված և ուշադրության կենտրոնում գտնվող նկարիչներից մեկի նկարի միջով։
Խոսքը վերաբերվում է Դալիին և մասնավորապես իր՝ «Անժելյուս» նկարին, որը ստեղծվել է 1934 թ.-ին։
Այն արված է ի հիշատակ նկարիչ Ժան-Ֆրանսուա Միէյի և իր՝ «Անժելյուս  գործի։

Սալվադոր Դալի թանգարանում (Ֆլորիդա) անցկացվող մուլտիմեդիա ցուցահանդեսի ընթացքում այցելուները կարողացել են հագնել վիրտուալ իրականության համար օգտագործվող սարք (Oculus Rift) և ուսումնասիրել Դալիի նկարները` ընկղմվելով դրանց մեջ: Այդ վիզուալ փորձը գերազանցեց յուրաքանչյուր ակնկալիք և մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Քանզի վիրտուալ իրականության փորձը հասանելի չէ բոլորի համար, թանգարանը YouTube-ում տեղադրել է մի տեսանյութ, որը կարող ենք դիտել սմարթֆոնի միջոցով՝ 360° ռեժիմով:

Դիտելիս այս տեսանյութը մենք կարծես օրիգինալ (Միեյ «Անժելյուս», 1859 թ. ) նկարում պատկերված երկու հերոսներից մեկի տեսանկյունից ենք այն դիտում։ Տղամարդը և երեխան ձեռք բռնած քայլում են անապատով։ Երկինքը այքան կապույտ է, կարծես օվկիանոսի խորքերը հիշացնի։ Իրենց ճանապարհին նրանք հանդիպում են Դալիի երևակայության մեջ գտնվող կերպարներին՝ չափազանց երկար ոտքերով փղերին, մրջյուններին կամ էլ ծովախեցգետնի ձևով հեռախոս։

Ամբողջ ընթացքում կարելի է լսել, թե ինչպես է Դալին իր խորհրդավոր ձայնով պատմում երազների մասին և ոչ միայն։ Այդ ամենը ուղեկցվում է մեխանիկական հնչյուններով, որոնք արձագանքում են, մութ են, առեղծվածային և առաջացնում են սարսուռ, հիացմունք և ոգևորվածություն։ Այս ամենը ստեղծում է երազային մթնոլորտ, որն էլ և ընկած է սյուրռեալիզմի հիմքում։

Աննա Մարտիրոսյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ