fbpx
Կրթություն

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Ողջունելով ֆրանսիական պատվիրակության անդամներին՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դեսպանի հետ սա արդեն երկրորդ հանդիպումն է, որի ընթացքում կքննարկվեն նախանշված մի շարք գործնական հարցեր: Վահրամ Դումանյանը մասնավորապես բարձր է գնահատել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը և փաստել, որ լինելով կրթագիտական և հետազոտական հարթակ՝ այն լավագույնս նպաստում է հայ-ֆրանսիական բարեկամության զարգացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը: Նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է ուսումնական հաստատության ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու հայկական կողմի պատրաստակամությունը:

«Համալսարանի կողմից կրթական և գիտահետազոտական ծրագրերի իրականացման պատրաստակամության դեպքում մենք համատեղ ուժերով կնպաստենք Հայաստանում գիտության զարգացմանը և կապահովենք կրթության ու գիտության երկխոսությունը: Այդ պատճառով պետք է անել հնարավորը՝ հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում նախադպրոցական կրթությունից մինչև գիտություն շղթան ամբողջացնելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) ֆինանսական աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանում Ալիան Ֆրանսեզի հետ առաջիկայում կազմակերպելու է ֆրանկոֆոն ամառային դպրոց, որի նպատակն է Հայաստանի դպրոցականների շրջանում առավել խորացնել հետաքրքրությունը ֆրանսերենի ուսուցման նկատմամբ և նպաստել ֆրանկոֆոն կրթամշակութային միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ամառային դպրոցը լավագույնս կազմակերպելու նպատակով նախարարությունն ակնկալում է սերտ համագործակցություն Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության հայաստանյան մասնաճյուղի, ինչպես նաև Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի հետ:

Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի զարգացման շնորհիվ նախատեսվում է, որ մինչև 2025 թվականը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների թիվը կկրկնապատկվի: Նա ողջունել է բուհում գիտահետազոտական բաղադրիչի ընդլայնման՝ հայկական կողմի առաջարկությունը: Ըստ դեսպանի՝ հայ-ֆրանսիական համագործակցության լավագույն օրինակ են նաև Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի գործունեությունը և հանրակրթական որոշ դպրոցներում ֆրանսերենի խորացված ծրագրի ներդրումը: Ժոնաթան Լաքոտի հավաստիացմամբ՝ այդ բոլոր դպրոցները կստանան աջակցություն՝ կրթական ծրագրերի և դասագրքերի տեսքով. արդեն տրամադրվել է 5300 կտոր դասագիրք: Նա ուրախությամբ փաստել է, որ այս տարի ծրագրին միացել է նաև մի քանի ավագ դպրոց, ինչը թույլ կտա 2-12-րդ դասարաններում ապահովել ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի իրականացման շարունակականությունը:

Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի աջակցությամբ Հայաստանում հայկական պատմամշակութային հուշարձանների վերականգնման հնարավորությանը, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել նաև մասնագետների վերապատրաստում: Կողմերը կարևորել են վերոնշյալ գործընթացը, որով կհաստատագրվի հայկական պատմամշակութային հուշարձանները՝ որպես համամարդկային ժառանգության մաս լինելու փաստը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ