Այսօր ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները։ Կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փաստորեն այս պահին շենքն է ղեկավարում։
«Ինքը փաստորեն շենքն է ղեկավարում և մոտ տասնը քանի հոգիանոց անձնակազմը, որ այս պահին կա: Իհարկե, ինքը հայտարարեց, որ մեր դիմումները չի մակագրելու, բայց մենք մեր որոշման մեջ հաստատակամ ենք, ի վերջո, ինչքան ժամանակ չի մակագրելու», նշեց բժիշկ-համաճարակաբանը։
բժիշկ-լաբորանտ Տաթևիկ Սահակյանը նշել է, որ իրենք փողոց են դուրս եկել, որովհետև իրենց ձայնը լսելի չէ և հետո Առողջապահության նախարարը առանց իրենց հետ խորհրդակցության նշանակում է կենտրոնի նոր տնօրեն, ով առաջին իսկ վայրկյանից սպառնալիքի լեզվով է խոսում աշխատակիցների հետ։
Հիշեցնենք, որ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատարի և Արսեն Թորոսյանի այն հրամանի համար, որով որ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնը միացվելու է ինֆեկցիոն բուժհաստատությանը։ Այս հայտարարությունից հետո 2 օր առաջ ամբողջ բուժանձնակազմը աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Իսկ այժմ բողոքի ակցիային ԱԺ-ում ընթանում է նաև Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկում են ՁԻԱՀ կենտրոնի հարցը: