Հայկական ֆուտբոլում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է լեգեոներների լիմիտ մտցնելու հարցը:
Քննարկումները թեժացան, երբ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը ռումինական «Պետրոլուլ» տեղափոխվելուց հետո Vnews.am-ին տված հարցազրույցում հայտարարեց.
«Հայաստանում, ինչպես հասկանում եմ, արդեն չունեն հայ ֆուտբոլիստների կարիքը»:
«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի կարծիքը տարըմբռնումների տեղիք է տվել.
«Կարծում եմ՝ լեգիոներների լիմիտն անհեթեթություն է: Ինչո՞ւ, որովհետև այսօր ակումբների մեծ մասը չունեն ակադեմիաներ, դպրոցներ: Երկու ակումբ կարելի է առանձնացնել՝ «Բանանցը» և երևի թե «Փյունիկը», բայց եթե խորը վերլուծություն անենք, կտեսնենք, որ անգամ այդ երկու թիմերը խաղում են մեծ թվով լեգիոներներով: Էլ ինչ սահմանափակման մասին է խոսքը:
Ընդունենք, որ լեգիոներների լիմիտ եղավ, այդ դեպքում ի՞նչ պետք է անեն «Արարատը», «Ալաշկերտը» և մյուս ակումբները: Ինչպե՞ս են ֆուտբոլ խաղալու տեղացի ֆուտբոլիստներով: Կարող են հաշվել ակումբների քանակն ու տեղացի ֆուտբոլիստների քանակը: Հազիվ թե 100 ֆուտբոլիստ գտնեն: Չեմ հասկանում, թե դա ում միտքն է: Դա կարող է լինել մեկ-երկու ակումբի մոտ, որոնք ունեն միջինից ցածր մակարդակի հայ ֆուտբոլիստներ և ուզում են լինել մրցունակ: Այդ թիմերը գումարներ չունեն, կամ չեն ծախսում և խոսում են ինչ-որ սահմանափակումների մասին:
Դա ուղղակի հիմարություն է: Լեգիոներների լիմիտի գաղափարը հիմարություն է:Հենց այդպես էլ գրեք: Չի կարելի հիմա հայկական ֆուտբոլում նման սահմանափակում մտցնել: Դա կարող է լինել այն դեպքում, երբ բոլոր պրոֆեսիոնալ ակումբներն ունենան իրենց ակադեմիաները, դպրոցները և բավականին երկար տարիներ՝ 7 , 8 նույնիսկ 10 տարի հետո սահմանափակել լեգիոներների քանակը: Եթե այնուամենայնիվ նման բան անեն, մեր ֆուտբոլը նորից հետընթաց է ապրելու»:
Խաշմանյանի այս խոսքերից հետո Էդգար Մալաքյանը անձնական վիրավորանքով գրառում է կատարել՝ պատասխանելով մարզչին:
«Խաշմանյանին կասեմ, որ խոսելու ժամանակ լինի կոռեկտ ու հարգալից մարդկանց կարծիքները լսելիս, հակառակ դեպքում իրեն շատ չոր ու ավելի բովանդակալից պատասխան կլինի… Երբ առողջ քննարկումներ են գնում, ու ինչ-որ մեկն իրեն իրավունք է վերապահում մարդկանց առողջ բանավեճն ու քննարկումներն անվանել հիմարություն, ուրեմն առաջին հիմարն այդ տեսակ մարդն է, ով իրենից ու իր քթից այնկողմ այս կյանքում ոչինչ չի տեսնում…
Քո կարծիքը մենք լսեցինք, ու մեզ մինչ այդ էլ պարզ էր, որ դու այս կարծիքին էլ լինելու ես, որովհետև, չեմ կարծում, որ դու շատ ես ցավում մեր հայկական ֆուտբոլի զարգացման համար»: