Երևանի 1/20 ընտրատեղամասում ընտրություն կատարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: Նա ընտրության էր գնացել որդու հետ:
Քվեարկությունից հետո Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր ոչ թե երկրորդը լինելու տրամադրությամբ են, այլ երկրորդն են:
Կուսակցությունում ահազանգեր են նաև ստացել:
«Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք, որոնք տրամադրել ենք ոստիկանությանը, անուններ չեմ կարող նշել, որովհետև հակաքարոզչություն կդիտարկվի»:
Էդմոն Մարուքյանը համոզված է՝ այսօր հին ու նոր կռվի ավարտն է:
«Ես քվեարկել եմ Հայաստանի այն ներկայի համար, որը սկսել է և Հայաստանի ապագայի համար ինչի մասին խոսել ենք քարոզարշավի ժամանակ»:
Մարուքյանը քաղաքացիներից ակնկալում է բարձր մասնակցություն:
«Առանց ակտիվության անհնար է լուսավորել Հայաստանը, պետք է ակտիվ լինես, որ լուսավորվի»:
Ինչ վերաբերում է Գելափի անցկացրած հարցումներին, ըստ որի կուսակցությունը լինելու է 3-րդ տեղում և ստանալու է 3,8 տոկոս ձայն, Էդմոն Մարուքյանն ընդգծեց.
«Եթե անգամ սոցհարցումների տվյալները ճիշտ են, որը հրապարակվել է մեծ դեբատից առաջ, կարծում եմ, դրանից հետո մենք լուրջ առավելություններով առաջ ենք ացել»:
Հարցին, թե այս անգամ Գևորգն աշխատել է իրենց համար, Մարուքյանը ծիծաղելով նշեց.
«Գևորգը ինձ համար այն ժամանակ էլ թամամ չի աշխատել: Այս անգամ հազարավոր գևորգներ, հազարավոր այլ անուններ են աշխատել մեզ համար, քաղաքացիներ՝ որոնք տարբեր ձևերով աջակցում են մեզ»: