Իկոնիկ

Ամենասկանդալային նկարիչներից. Էգոն Շիլե (Նկարներ)

Էգոն Շիլեն (1890-1918) ավստրիացի գեղանկարիչ է և ավստրիական էքսպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է։

Նրա նկարները էրոտիկ են, նուրբ և գունային առումով չափազանց համահունչ։ Գործերի մեծ մասը կազմում են ինքնանկարները, նաև մերկ և կիսամերկ բնորդուհիները։

1906 թվականին Շիլեն ընդունվում է Վիենայի Արվեստի և արհեստների դպրոց, իսկ հետո Վիեննայի կերպարվեստի ակադեմիա։ 1907 թվականից Գուստավ Կլիմտը սկսում է հովանավորել Էգոն Շիլեին, դառնում է նրա համար ուսուցիչ։ 1908 թվականին Վիեննայի կից Կլոստերնոյբուրգ քաղաքում, որտեղ Էգոնը առաջ սովորել էր, բացվում է նրա առաջին ցուցահանդեսը։ 1909 թվականին Կլիմտը հրավիրում է Շիլեին մասնակցելու ցուցահանդեսի Վիեննայի պատկերասրահում, որտեղ նրա գործերը ցուցադրվում են Կլիմտի, Վան Գոգի, Էդվարդ Մունկի կողքին։

1911 թվականին Էգոն Շիլեն Կլիմտի սիրեցյալի և մոդելի՝ Վալբուրգա Նոյզելի հետ փախնում են Վիենայի բոհեմական կյանքից չեխական Կրումլով, իսկ հետո տեղափոխվում են Նոյլենգբախ, որտեղ 1912 թվականին Շիլեին ձերբակալում են անչափահասի հետ կապի մեջ լինելու մեղադրանքով։ Խուզարկության ժամանակ ոստիկանությունը Շիլեի մոտ գծանկարներ է գտնում, որոնք պոռնոգրաֆիկ բնույթ էին կրում։ Նկարչին դատապարտում են կարճատև ազատազրկման, ընդամենը 24 օր։

Էգոն Շիլեի նկարները մինչ օրս էլ համարվում են սկանդալային՝ իրենց բացահայտ էրոտիկ էլեմենտների և չմշակված սեքսուալության շնորհիվ։

Շիլեն միշտ նախընտրում էր նկարել փխրուն, նուրբ կառուցվածքով և դիմագծերով մոդելների։ Նրա ամենաերկարատև մուսան և սիրեկանը Վալբուրգա Նոյզելն էր։

Ծանոթանալով այն ժամանակ երբ Վալլին 19 տարեկան էր, իսկ Շիլեն 21՝ նրանց կապը շարունակվում է երկար տարիներ։ Սակայն, հետո Շիլեն ամուսնանում է սոցիալապես ավելի բարձր կարգավիճակում գտնվող Էդիթի հետ։ Այդ ընթացքում նա միայն նկարում էր Էդիթին։ Բայց հետո, երբ Էդիթի մարմինը սկսել էր փոփոխությունների ենթարկվել և այլևս այդքան էլ նուրբ չէր, Էգոնը խնդրում էր Էդիթի քրոջը՝ Ադելին, հանդիսանալ որպես իր մոդել։ Ասում են նրանք էլ կարճ ժամանակ սիրեկաններ էին։

Էգոնի կինը 1918 թ.-ին, 6 ամսական հղի լինելով, մահացել է իսպանական գրիպի պանդեմիայից։ 3 օր անց նաև մահացել է Էգոն Շիլեն 28 տարեկան հասակում։

Էգոն Շիլեն թողել է մոտ 300 նկար և մի քանի հազար գծանկար։ Նրա մահից հետո նրա նկարները ցուցադրվել են և շարունակում են ցուցադրվել աշխարհի խոշոր պատկերասրահներում։

Շիլեի կյանքին անդրադարձել են Ջոան Սքոթը «Մեծամտություն» (1990) և Լյուիս Կրոֆտսը «Պոռնոգրաֆը Վիենայից»(2007)։

1981 թվականին նկարահանվել է «Էգոն Շիլե-Կյանքը, որպես էքսցես» կինոնկարը։

Միլեն Ֆարմերը իր հայտնի երգերից մեկում՝ Je te rends ton amour (1999), հիշատակում է նկարչին՝ Je te rends ton amour/Redeviens les contours/De mon seul maître: Egon Shiele et… (Ես վերադարձնում եմ քո սերը/Նկարում նորից գիծ կդառնամ/Իմ միակ ուսուցչի՝ Էգոն Շիլեի և․․․)։

Ռաուլ Ռուիսի «Կլիմտ» կինոնկարում (2005) Էգոն Շիլեի դերը կատարում է Նիկոլայ Կինսկին։

Էգոն Շիլեն պատկերված է 1990 թվականի Ավստրիայի փոստային նամականիշի վրա։

 

Աննա Մարտիրոսյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ