Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլեկտրոնային հայտարարագրերի ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով պարզել է, որ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018թ. տարեկան հայտարարագիրը հանձնված և հրապարակված հայտարարագրերի ցանկում առկա չէ: Ըստ սահմանված կարգի` համայնքի ղեկավարը այն պետք է ներկայացներ մինչև մայիսի 31-ը:
Էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել է տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար Դիանա Գասպարյանի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժ: Նշված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30-օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200,000 դրամի չափով: Նշենք, որ էթիկայի հանձնաժողովի նշված որոշումն ուժի մեջ է մտնում Դիանա Գասպարյանին հանձնելու կամ հանձնված համարվելու հաջորդող օրվանից:

