fbpx
Հասարակություն

Հայ Առաքելական Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել է, որ մարտի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը:

«Նշվում է, որ ծրագրի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննարկումներ է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով պաշտամունքային, առավել ևս տերունի արձանաշինության վերաբերյալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդական մոտեցումները:

Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց ԳՀԽ մարտի 9-ի ընդլայնված նիստում հարցի վերաբերյալ որդեգրված դիրքորոշումը՝ հանդես գալով հետևյալ հայտարարությամբ.

Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:

Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ