ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ – «Ոսկե գլոբուս» մրցանակի արժանացած գերմանացի դերասանուհի և 1960-ականների միջազգային կինոաստղ Էլկե Զոմերը մահացել է հոկտեմբերի 28-ին Լոս Անջելեսի Բել Այթուր թաղամասում գտնվող իր տանը, ինչպես հաղորդում է Page Six պարբերականը: Նա 85 տարեկան էր և վախճանվել է իր 86-ամյակից մեկ շաբաթ առաջ, որը պետք է նշվեր նոյեմբերի 5-ին:
Դերասանուհու խորթ որդին՝ Սեբաստիան Վալթերը, գերմանական Bild պարբերականին հաստատել է, որ Զոմերը խաղաղ մահացել է երեքշաբթի երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, սրտային անբավարարության հետևանքով: Նրա մահը վրա է հասել ամուսնու՝ Վոլֆ Վալթերի մահից երեք ամիս անց, ով 32 տարի ամուսնացած էր նրա հետ և մահացել էր հուլիսին՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո:
Վեց տասնամյակ ձգված դերասանական ուղի
Ծնված լինելով Բեռլինում 1940 թվականի նոյեմբերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Էլկե Շլեցը (նրա օրիորդական ազգանունը) սկզբում մտադիր էր դառնալ թարգմանչուհի և պատանեկան տարիներին արդեն տիրապետում էր վեց լեզվի: Նրա դերասանական կարիերան սկսվեց այն բանից հետո, երբ 17 տարեկանում Իտալիայում հանգստանալիս նա հաղթեց «Միսս Վիարեջո» գեղեցկության մրցույթում, որտեղ նրան նկատեց հայտնի ռեժիսոր Վիտորիո դե Սիկան:
1964 թվականին Զոմերն արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես «Ամենախոստումնալից նորեկ»՝ Մարկ Ռոբսոնի «Մրցանակը» ֆիլմում խաղացած դերի համար, որտեղ նկարահանվել էին նաև Փոլ Նյումանը և Էդվարդ Գ. Ռոբինսոնը: Նույն տարում նա ստացավ իր ամենահայտնի դերերից մեկը «Վարդագույն հովազ» շարքի երկրորդ՝ «Կրակոց մթության մեջ» կատակերգությունում՝ մարմնավորելով սպանության մեջ սխալմամբ մեղադրված աղախին Մարիա Գամբրելիին:
Առողջական վիճակի վատթարացում ամուսնու մահից հետո
Զոմերի դերասանական կարիերան տևել է շուրջ 58 տարի, ընդ որում՝ նրա վերջին հաստատված դերակատարումը եղել է 2017 թվականին: Վերջին տարիներին նա հեռացել էր հանրային ուշադրության կենտրոնից և մահվան նախօրեին գտնվում էր անկողնային վիճակում:
Մտերիմները նշել են, որ հուլիսին մահացած ամուսնու՝ Վոլֆ Վալթերի կորուստը ծանր անդրադարձել է նրա առողջության վրա: Լուսանկարիչ Էրվին Շնայդերը Hello Magazine-ին հայտնել է, որ Զոմերը չէր պատկերացնում իր կյանքը առանց իր սիրելի ամուսնու, և նրա առողջական վիճակը կայուն կերպով վատթարացել էր վերջինիս մահից հետո:

