fbpx
Աշխարհ

ԵՄ-ը կարող է դադարեցնել անվիզա ռեժիմը որոշ երկրների համար

Եվրամիության հետ անվիզա ռեժիմ ունեցող երկրներից ապաստանի հայցորդների աճող թվաքականի հետ կապված՝ Եվրահանձնաժողովը սպառնացել է պատասխան միջոցներ կիրառել։ Եթե գործընթացը շարունակվի, ԵՄ-ը կարող է դադարեցնել անվիզա ռեժիմը որոշ երկրների համար, ասել է ԵՄ միգրացիայի և ներքին գործերի հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հունիսի 17-ին։ Այս մասին տեղեկացնում է DW-ն։

Ավրամոպուլոսի խոսքով՝ միջոցները կարող են վերաբերել Արևմտյան Բալկանների և Լատինական Ամերիկայի երկրներին։ «Մեր ուղերձը այն պետություններին, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մտնել ԵՄ, պարզ է. այդ առավելությունը պաշտպանելը ձեր պատասխանատվությունն է»,- ընդգծել է եվրահանձնակատարը։ Նա հույս է հայտնել, որ նման ծայրահեղ միջոցներից դեռ կարելի է խուսափել։

Այնինչ, ԵՄ-ում անլեգալ ապաստան փնտրողների թիվը նվազել է 2014 թվականի մակարդակին։ 2019-ի առաջին ամիսներին այն շարունակում էր ընկնել և հասել էր 32 400 մարդու՝ նվազելով 31 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։

Միգրացիոն գործընթացների աջակցության եվրոպական բյուրոյի (EASO) տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին գրեթե յուրաքանչյուր չորրորդ հայտարարությունը ԵՄ-ում ապաստարանի մասին տրվել է ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմի համաձայնագիր ունեցող երկրից։

Օրինակ, Վենեսուելայից ապաստան խնդրողների թիվը 2018-ի նույն ժամանակամիջոցի համեմատ ավելացել է 121 տոկոսով և հասել 14 257 մարդու, Կոլումբիայից՝ 156 տոկոսով (8097 մարդ), Ալբանիայից՝ 30 տոկոսով (7138 մարդ)։ Դրական պատասխան է ստանում հայցորդների միայն նվազագույն մասը։

Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, տեղեկացվել էր, որ ԵՄ-ում ապաստան խնդրողների ընդհանուր թիվը էապես բարձրացել է։ Հունվարից մինչև ապրիլի վերջ 206 հազար 500 մարդ առաջին անգամ ապաստան խնդրելու միջնորդություն է ներկայացրել ԵՄ տարածքում, ինչը 15 տոկոսով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ