Եվրամիության անդամ երկրները պատրաստ են հավանություն տալ հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետաձգմանը, եթե վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելի հետ գործարք կնքելու համար լրացուցիչ ժամանակն օգտագործելու իրական ծրագիր ներկայացնի:
Նրա տվյալներով՝ Լոնդոնի կողմից «վստահության արժանի առաջարկվությունների» ներկայացվելու դեպքում Brexit-ի ամսաթվի հետաձգման վերաբերյալ որոշումն ընդունելու օգտին արտահայտվել են, մասնավորապես, Փարիզը, Բեռլինը, Դուբլինը և Հաագան: Ինչպես ապրիլի 9-ին հայտարարել է Ֆրանսիայի՝ եվրոպական գործերի պետքարտուղար Ամելի Մոնշալենն ընդհանուր հարցերին նվիրված ԵՄ-ի խորհրդի՝ Լյուքսեմբուրգի նիստին ժամանելուց հետո, դուրս գալու ժամկետների երկարացումն «ինքնաբերաբար չի լինելու»: ԵՄ-ի ղեկավարներին հարկավոր կլինի քաղաքական առումով «հուսալի աջակցություն» և Մեծ Բրիտանիայի հավաստիացումներն այն դերի վերաբերյալ, որը նա խաղալու է, մնալով հանրակցության անդամ պետություն, որպեսզի խոչընդոտներ չստեղծի «եվրոպական հավակնոտ ծրագրի» ճանապարհին, հավելել է Մոնշալենը:
Գերմանիայի ԱԳ նախարարության Եվրոպայի գործերի պետնախարար Միխայել Ռոտի խոսքով՝ ներկայիս իրադրությունը «շատ է հիասթափեցնում», և համապատասխան հետաձգումը «պետք է պայմանավորվի խիստ չափանիշներով»:
Իռլանդիայի վարչապետի տեղակալ, արտաքին գործերի և առևտրի նախարար Սայմոն Քոուվենին արտահայտվել է հօգուտ հետաձգման՝ առանց գործարքի Brexit-ից խուսափելու նպատակով, ինչը, նրա կարծիքով, կդառնար «քաղաքականության սարսափազդու ձախողում»: «Մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի դա տեղի չունենա»,-նշել է Քոուվենին: Բայց, իհարկե, ինչպես ասել է նա, «պետք է գոյություն ունենա իրատեսական, վստահություն ներշնչող ծրագիր», որը կարող է համաձայնեցվել առաջիկա մի քանի օրում:
Նիդեռլանդների արտգործնախարար Սթեֆ Բլոկը կարծիք է հայտնել, որ հարկավոր է աջակցել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի հետաձգմանը՝ նպատակ ունենալով գործարքի կնքումը Բրյուսելի և Լոնդոնի միջև: «Հենց Մեծ Բրիտանիան պետք է որոշի (երբ է նա հեռանալու),-շարունակել է նա:-Նիդեռլանդների շահերին համապատասխանում է կոշտ Brexit-ից խուսափելը, և եթե ավելի շատ ժամանակ պահանջվի նման իրադրություն թույլ չտալու համար, մենք պետք է համաձայնենք դրան»։