Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի ողջ տարածքում գործարկվել է հուզական աջակցության թեժ գիծ։ Այն հասանելի է 0800 00 900 անվճար հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի տրամադրել հոգեբանական աջակցություն և աջակցել մարդկանց հուզական դժվարությունների հաղթահարման հարցում։
Թեժ գծի մասնագետները պատրաստ են լսել առանց քննադատության, տրամադրել անհրաժեշտ խորհուրդներ և, անհրաժեշտության դեպքում, ուղղորդել այլ ծառայությունների։ Ծառայությունը հիմնված է միջազգային լավագույն փորձի և էթիկական բարձր չափանիշների վրա՝ ապահովելով մասնագիտական և հարմարավետ միջավայր բոլոր դիմողների համար։ Քաղաքապետարանը կարևորում է այս ծառայության դերը՝ որպես հոգեբանական աջակցության հասանելիության բարձրացման կարևոր քայլ։

