ԵՊՀ-ն միանում է Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին և ֆինանսավորում մեկ տան կառուցում:
«100 տուն Արցախում» նախագծի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Այս ծրագրով կառուցվելու են բնակարաններ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ:
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ ծրագրին միանալու գաղափարը քննարկվել է ռեկտորատի նիստում և հավանության արժանացել. «Մենք որոշեցինք, որ համալսարանն անմասն չպետք է մնա այս ծրագրից, և որոշում կայացրինք մեր խնայողությունների հաշվին միանալ նախագծին՝ դրանով ցույց տալով, որ ԵՊՀ-ն մնում է այն համոզմանը, որ Արցախը և արցախահայությունը մշտապես պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»:
- Թատրոնների միավորումը ստեղծագործական նոր հնարավորություններ կընձեռի․ ԿԳՄՍՆ
- «իԳործ». 5 սփյուռքահայ մասնագետ կաշխատի ԿԳՄՍՆ-ում
Հ. Հովհաննիսյանի խոսքով, ԵՊՀ-ն պետք է ձեռք մեկնի և որոշակիորեն մեղմի այն ցավալի կորուստը, որ տեղի է ունեցել պատերազմի պատճառով. «Թե՛ հայրենասիրական, թե՛ մարդկային և թե՛ այլ արժեքների տեսանկյունից սա շատ կարևոր քայլ է, որ իրականացնում է ԵՊՀ կոլեկտիվը»:
«Մենք մշտական կապի մեջ ենք Արցախի հետ: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը վերակենդանանա, Արցախն ապրի ու գոյատևի, և որ արցախահայությունն իրեն երբևէ մենակ չզգա: Այնպիսի խոշոր կառույց, ինչպիսին Մայր բուհն է, չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը:
Նրա տեղեկացմամբ, մյուս շաբաթվա ավարտին ԵՊՀ պատվիրակությունը կմեկնի Արցախ և կմասնակցի տան հիմնարկեքի արարողությանը: