Մայիսի 30-ին՝ ժամը 15-ին կայանալու է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում կա 2 հարց. մայիսի 23-ին հրաժարական տված ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը:
Ըստ ԵՊՀ կանոնադրության՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում ընտրվելու համար պարտադիր է դոկտորի գիտական աստիճան ունենալ: Նույն անձը երկու անգամից ավելի անընդմեջ չի կարող ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ընտրությունը կատարվում է բաց մրցույթի միջոցով, բայց գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի պաշտոնում ընտրվում է այն թեկնածուն, որը հավաքում է խորհրդի՝ ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայները: Այսինքն՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից առնվազն 17-ն իրենց ձայները պետք է տան այդ թեկնածուի օգտին: