Հայաստանում կառավարության նկատմամաբ հետզհետե ձեւավորվում է հանրային անվստահության մթնոլորտ։ Արդեն տեւական ժամանակ է, որ սոցիալական ցանցերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար պաշոնյաների շատ գրառումներ դառնում են հեգնանքի, սարկազմի առարկա։ Վերջին շրջանում, սակայն, նման երեւույթներ սկսել են ի հայտ գալ նաեւ պետական գերատեսչությունների պաշտոնական էջերում։ Սա ցույց է տալիս, որ հանրային վերաբերմունքն այլեւ չի սահմանափակվում՝ առանձին անձանց կերպարների վրա կենտրոնանալով, եւ մեղադրանքն ու անվստահությունը սկսում է ուղղակիորեն տարածվել պետական ողջ ապարատի վրա։
Սա իհարկե տարիների ընթացքում կուտակված ստի, կիսաճշմարտությունների եւ ձեւական խոսքի հետեւանք է, որն այսօր արդեն տեսանելի ազդեցություն է թողնում հասարակական տրամադրությունների վրա։ Պետական մարմինների ցանկացած պարզաբանում, անգամ երբեմն ճշմարիտ ասված խոսք, հիմնականում ընկալվում է ոչ թե որպես իրական բացատրություն, այլ որպես փորձ՝ ծածկելու այն իրավիճակը, որը ձեւավորվել է գործող իշխանության կառավարման ընթացքում։ Այդ պատճառով հանրության արձագանքը հաճախ դառնում է հեգնական, քմծիծաղով լի եւ կոշտ, որովհետեւ մարդիկ իրենց աչքով տեսել են, թե ինչպես են խոստումները կրկնվել, ստերը շաղ տրվել, կիսաճշմարտությունները բանեցվել, բայց խնդիրները մնացել նույն տեղում։ Կարծես թե պոպուլիզմը երկրում հասնում է իր կուլմինացիոն կետին, որի ժամանակ բարձրագույն ղեկավարության բերանից դուրս եկած խոսքը սկսելու է հիմնավորապես արհամարհվել՝ անկախ նրանից, թե ինչ բովանդակություն այն կունենա։
Այս վերաբերմունքը հատկապես սրվում է այն ոլորտներում, որտեղ քաղաքացին անմիջական շփում ունի պետական ինստիտուտների հետ՝ դատարաններում, քննչական մարմիններում, իրավապահ մարմիններում։ Տարիներով ձգձգվող գործերը, պատասխանների բացակայությունը, ընտրովի մոտեցումները կուտակվել են եւ վերածվել ընդհանուր անվստահության։ Օրինակ, ինչ արժի Ազատ գյուղում 15 զինվորների կյանք խլած գործի նախաքննությունն ու ապա՝ դատաքննությունը՝ լի պաշտոնական ստերով, կեղծիքներով։ Դրա հետեւանքով, անգամ այն դեպքերում, երբ իշխանությունը փորձում է ներկայացնել, ենթադրենք, իրավական ընթացակարգերի նկարագրություն, դա ընկալվում է որպես թղթի վրա գեղեցիկ ձեւակերպված իրականություն, որը քիչ կապ ունի մարդկանց ապրած փորձի ու իրականության հետ։
Փաշինյանի կառավարման տարիներին ձեւավորված խոսքի ու գործի միջեւ եղած այս հակասությունն աստիճանաբար վերածվում է համակարգային խնդրի։ Երբ հանրությունը համոզվում է, որ պաշտոնական հայտարարությունները հաճախ ծառայում են ոչ թե իրավիճակը պարզաբանելուն, այլ պատասխանատվությունից խուսափելուն, պաշտոնական խոսքը կորցնում է իր արժեքը։
Այսօր արդեն պարզ է, որ պոպուլիզմի ու կեղծիքների կուտակած բեռը բերում է կոնկրետ հետեւանքների՝ մարդկանց անտարբերության աճ, քաղաքական մասնակցության նվազում եւ պետական ինստիտուտների նկատմամբ խորացող կասկած։ Սա վտանգավոր ուղի է, որովհետեւ այն երկրում, որտեղ քաղաքացին հեգնանքով է արձագանքում պետական մարմինների հայտարարություններին ու պարզաբանումներին, կառավարումը վերածվում է մշտական ճգնաժամի։ Տարիներով կուտակված սուտն ու կեղծիքը այսպիսով բերում են վստահության ճգնաժամի, որը եթե այսօր դեռ աննկատ է մնում եւ վտանգներ չի խոստանում գործող իշխանություններին, ապա վաղը դառնալու է կոնկրետ քաղաքական գնահատական՝ հղի անկանխատեսելի հետեւանքներով։
Իհարկե, այս ամենի դեմն առնելու համար գործող իշխանություններն իրենց հարմար գործիքակազմով են առաջնորդվում։ Ամեն օր լրահոսում զետեղվում են տվյալներ, թե որքան աճ է արձանագրվել այս կամ այն բնագավառում, որքան գումար կամ հանրային տարածք է ետ վերադարձվել պետությանը, որքան ներդրում է կատարվել պետության մեջ եւ այլն։ Սրանք վիճակագրական թվեր են, որոնք խնդիր ունեն մեղմել պետական կառավարման հանդեպ եղած անվստահությունը։ Թվում է, թե սա փափուկ բարձ է՝ դրվող հանրության գլխի տակ։ Սակայն, վաղը միգուցե պարզվի, որ այդ բարձը գործող իշխանությունները դրել են հենց իրենց գլխի տակ՝ չհասկանալով թե ինչի կարող է հանգեցնել վստահության ճգնաժամը Հայաստանում։

