Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է դադարեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, եթե եվրոպական կողմը շարունակի ձգձգել դրանց ընթացքն ու շարունակի սպառնալ Թուրքիային Կիպրոսում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հաղորդում է Milliyet պարբերականը:
«Մենք երաշխավոր երկրի իրավունք ունենք այս տարածաշրջանում, և այդ իրավունքները վերաբերում են նաև տնտեսական գոտուն: Շատ երկրներ, որոնք չունեն այդ իրավունքները, գալիս և աշխատանքներ են կատարում այստեղ, մեզ էլ ասում են, որ մենք չենք կարող մտնել այստեղ, հակառակ դեպքում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն:
Դուք առանց այդ էլ անընդհատ ժամանակ եք ձգում, սպառնում եք պատժամիջոցներով, շատ անգամ խոստումներ եք տվել և չեք կատարել: Այն, որ մենք ձեզ հետ բանակցային սեղանի շուրջ ենք նստում, մեզ ոչ մի բան չի պարտավորեցնում: Բանակցությունները կարող են անսպասելիորեն ավարտվել»,-ասել է Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ Թուրքիան թույլ չի տա Եվրամիությանը ճնշումներ գործադրել Թուրքիայի նկատմամբ՝ Կիպրոսի իրավիճակի հետ կապված:
Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները վերջին ամիսներին խիստ սրվել են Թուրքիայի կողմից Կիպրոսի տնտեսական գոտում ածխաջրածնային հորատումներ անելու պատճառով: