Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիային Եվրամիություն չընդունելու իրական պատճառը երկրի մեծաքանակ բնակչությունը չէ: Այս մասին տեղեկացնում է Milliyet լրատվականը:
«Մեզ ասում են (բացատրելով, թե Թուրքիան ինչու դեռևս չի անդամակցում ԵՄ-ին), որ Թուրքիայի բնակչությունը շատ մեծ է: Սակայն Անկարայի հայտը չընդունելու պատճառը թաքնված է այլ տեղ: Իրական պատճառն այն է, որ մենք մահմեդական ենք»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիան 1963 թվականին ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը, իսկ 1987 թվականին հայտ է ներկայացրել անդամակցության վերաբերյալ:
Սակայն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ դրանք մի քանի անգամ ընդհատվել են տարաձայնությունների պատճառով: Ներկայում բանակցային գործընթացի 35 կետերից բաց են 16-ը: 2016 թվականի մարտին Բրյուսելն ակտիվացրել է բանակցային գործընթացը՝ դրա դիմաց Թուրքիայից պահանջելով ներգաղթյալների հոսքի նվազեցմանն ուղղված քայլեր: