fbpx
Երևան

Երևանի պոլիկլինիկաներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Շուրջ 55 հազար բնակչություն ունեցող Ավանի միակ՝ h. 12 պոլիկլինիկայի բոլոր հարկերում սանհանգույցների դռները տարիներ շարունակ փակ էին կամ դրանցից օգտվելը մարդկային մեծ կամք էր պահանջում: Երևանի քաղաքապետարանն այս տարի իր միջոցների մի մասն ուղղեց պոլիկլինիկաների սանհանգույցների նորոգմանն ու դռների փոխարինմանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Այս տարի Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին նորոգվելու է 5 պոլիկլինիկա: Միայն հ. 12 պոլիկլինիկայում կնորոգվի 14 սանհանգույց, կփոխարինվի 241 դուռ».- նշում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Երևանի պոլիկլինիկաների շենքերը հիմնականում կես դարից ավելի հին պատմություն ունեն: Տարիների ընթացքում մի տեղ պատուհաններն են փոխվել, մյուսում՝ տանիքը նորոգվել:

«2021 թվականի առաջանահերթություններից էր սանհանգույցների վերանորոգումը: Ամենակարևորն այն է, որ առաջին հարկում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված սանհանգույց կլինի, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան հեշտորեն օգտվել»,-ասում է «Նուբարաշեն պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Գայանե Մարգարյանը:

Բուժօգնության առաջին օղակի 5 շենքերը նոր, հարմարավետ պայմաններով կաշխատեն մի քանի ամսից, երբ շինարարությունն ավարտվի: Շինությունները նորոգվում են նաև սեփական խնայողության հաշվին: Առողջապահության ոլորտի զարգացմանը միտված քաղաքային իշխանության ծրագրերը շարունակական են:

«Քաղաքապետի կողմից կա հանձնարարական, որ շարունակվի պոլիկլինիկայի վերազինումը: 44 անուն բուժսարքավորում է ձեռքբերվելու այս տարի: Առաջիկա երկու ամսվա ընթացքում կսկսվի մատակարարումը»,-ընդգծում է Կամսար Բաբինյանը:

 

Վերանորոգում, վերազինում և մի շարք այլ ծրագրեր, որոնք կնպաստեն համայնքային պոլիկլինիկաներում ծառայությունների ու սպասարկման որակի բարելավմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ