Երևանի փոխքաղաքապետների հայտարարագրերը-Azat TV
Հասարակություն

Երևանի փոխքաղաքապետների հայտարարագրերը

ԳԱԼԱ-ն շարունակում է առանձին շարքով ներկայացնել քաղաքային իշխանության ներկայացուցիչների ունեցվածքը: Այսօրվա դիտակետում Երևանի առաջին փոխքաղաքապետի ու փոխքաղաքապետերի հայտարարագրերն են:

Երկուսն էլ փոխքաղաքապետի պաշտոնին են նշանակվել այս տարվա հոկտեմբերի 29-ին:

33-ամյա Երևանի 1-ին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որպես անշարժ գույք ունի 2 բնակարան: Նա արժեթղթեր ու փոխառություններ ու շարժական գույք՝ ավտոմեքենա չունի: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 550 հազար դրամ ու 4500 ԱՄՆ դոլար:

Եկամուտն էլ գոյացել է աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից և կազմել է 4 մլն 860 հազար դրամ:

Հրաչյա Սարգսյանին փոխկապակցված անձանց հայտարարագրերը բացակայում են:

Երևանի քաղաքապետի տեղակալ 41-ամյա Հայկ Սարգսյանը ևս 2 բնակարան ունի: Չունի փոխառություններ ու արժեթղթեր: Որպես շարժական գույք հայտարարագրել է VOLKSWAGEN TOUAREG 3.2 մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 15 մլն դրամ: Պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ ստացված եկամուտները, որոնք գոյացել են աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, ստացված փոխառություններից (վարկեր), նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքից ու դրամական միջոցներից, կազմել են 4 մլն 359 հազար դրամ:

44-ամյա Տիգրան Վիրաբյանը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն, MERCEDES-BENZ C230 մակնիշի ավտոմեքենա: Արժեթղթեր ու փոխառություններ չունի: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4,5 մլն դրամ: Աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից գոյացած եկամուտն էլ ավելի քան 1 մլն 687 հազար դրամ է:

Տիգրան Վիրաբյանի հասակակից ու պաշտոնակից Սերգեյ Հարությունյանն ունի մեկ բնակարան՝ ԲԲՇ-ում, 12500.00 դրամի արժեթղթային բաժնեմաս: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ եղել են 18 հազար ԱՄՆ դոլար, 16 մլն դրամ: Աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, փոխառություններից, գիտական աշխատանքի հեղինակային վարձատրությունից և այլ աղբյուրներից եկամուտներն էլ կազմել են 1 մլն 604 հազար 210 դրամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ