fbpx
Հասարակություն

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում տոնական տրամադրություն է․ այցելել էր Աննա Հակոբյանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելեց  թիվ 1 տուն-ինտերնատ ՝շնորհավորելու ինտերնատում բնակվող տարեցների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Վարչապետի պաշտոնակատարի տիկինը նշեց, որ տուն-ինտերնատի ընտրությունը պատահականության սկզբունքով է եղել: «Եթե կարողանայի բոլորն այցելել, շատ լավ կլիներ: Ամանորն ու Սուրբ ծնունդը տարվա այն ժամանակահատվածն է, երբ պետք է մեր շուրջը նայենք և մեր ուշադրության կարիքն ունեցողներին փորձենք ուրախացնել, որպեսզի տարին ուրախ նոտայով ավարտվի»,- ասաց նա:

Աննա Հակոբյանի խոսքով՝ իրենք տուն-ինտերնատի բնակիչներին  տեղական արտադրության նվերներ են բերել: «Տեղական արտադրողները արձագանքել են մեր առաջարկին: Նվերները տատիկ-պապիկների հարմար նախատեսված հագուստ է՝ գուլպաներ, ժակետներ, և այլն»,- նկատեց նա:

Աննա Հակոբյանը մի սեղանի շուրջ շփվեց տարեցների հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Տուն-ինտերնատի բնակիչները վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ հետ երգ ու պարով նշեցին ուրախ օրը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն էլ տարեցներին մաղթեց առողջություն, ցանկացավ, որ նրանք ապրեն արժանապատիվ ծերություն և ունենան բոլոր այն ծառայությունները, որոնց կարիքն իրենք ունեն այս կյանքն ապրելու համար: «Ես ցանկանում եմ, որ դուք ապրեք այնպիսի մթնոլորտում, որտեղ միշտ ջերմություն լինի: Մեր առաջիկա ծրագրերն ուղղված են լինելու հատկապես այն ծառայությունների ստեղծմանը, որպեսզի մարդիկ կարողանան ապրել իրենց համայնքում և կապը պահպանել ընտանիքի հետ»,- նշեց նա:

https://www.youtube.com/watch?time_continue=87&v=XUhEA3REh50

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ