ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու վճարահաշվարկային տերմինալից առերևույթ գողության փորձ կատարած անձանց ինքնությունը։
2019թ. փետրվարի 10-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սարյան փողոցում տեղադրված տերմինալը գտնվում է կոտրված վիճակում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վճարահաշվարկային տերմինալում եղած գումարը տեղում է, իսկ այն կոտրելու հետևանքով ՍՊ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել է Սարյան փողոցում տեղադրված վճարահաշվարկային տերմինալը նկարահանող տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
«Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,-ասված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը։