fbpx
Հասարակություն

Երեխաներին 9-րդ հարկից ցած նետած տղամարդը 40 տարեկան է. Մանրամասնություններ

Այսօր՝ մայիսի 5-ին, Ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան:

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, և մեզ հասած տեղեկություններով՝ հայրը երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել, նման դաժան դեպք, երևի, Հայաստանի պատմության մեջ չէր եղել, չգիտենք, շոկի մեջ ենք»:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հարևանները նշում էին նաև, որ երբեք վատ բաներ չեն տեսել, բնութագրում էին դրական, և որ նա ամուսնալուծված էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել է ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել եմ, խնդրել է կնոջը՝ երեխաների հետ գա իր տուն, ու արդեն, երբ օրը ուշ է եղել, նա կնոջն ասել է, թե՝ էս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի է ունեցել դաժան ողբերգությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին նաև, որ հայրը նախկին զինվորական էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` shamshyan.com:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ