fbpx
Թրենդային

Նորաձև լինելը գումարի հետ կապված չէ, նորաձև կարող ես լինել շատ մատչելի հագուստներով. Սարդարյան

Նորաձևությունը արդիական թեմա է եղել բոլոր ժամանակներում: Այսօր էլ նորաձևությունը ամենաարդիական թեմաներից է և քննարկման լայն շրջանակ է ընդգրկում։ Ինչպե՞ս հագնվել, ինչպիսի՞ սանրվածք ընտրել, որպեսզի շրջապատում առանձնանալ և յուրահատուկ իմիջ ձևավորել։ Այս մասին զրուցել ենք դիզայներ, ոճաբան, Սարդարյան բրենդի հիմնադիր Սվետլաննա Սարդարյանի հետ։

– Ե՞րբ է առաջացել սերը նորաձևության հանդեպ, և ե՞րբ հասկացաք, որ հենց այդ ուղղով պիտի շարունակեք:

– Նորաձևության հանդեպ իմ սերն առաջացել է դեռ մանկուց: Առաջին քայլերը կատարել եմ տիկնիկներիս համար զգեստներ կարելով և ժամանակի ընթացքում, երբ մեծացա սկսեցի կարել ինձ համար: Այլ մարդկանց կարծիքները լսելով, հարազատներիս ցանկությունը տեսնելով, որ իրենց էլ հագուստ կարեմ, գործիս մեջ ինձ հմուտ տեսնելով՝ հասկացա, որ ինձ պետք է իմ գործում էլ ավելի հմտանալ և բացել իմ իսկ սեփական բրենդը, որն էլ անվանեցի Սարդարյան` Ս: Նախքան բրենդի ստեղծումը, նախ ես հաճախեցի մասնագիտացված կենտրոն, ստացա բարձրագույն կրթություն, ձեռք բերեցի փորձ, որից հետո ստանձնեցի ինձ այդ պատասխանատու գործին: Նորաձևության հանդեպ ունեցած մեծ սերս շատ օգնեց ինձ հաջողությունների հասնել: Առանց գործի հանդեպ ունեցած սիրո ոչ մի գործառու հաջողությունների չի հասնի: Երջանիկ եմ, որ ընտրել եմ ինձ հոգեհարազատ աշխատանք:

– Ըստ ձեզ, ի՞նչ վիճակում է Հայաստանի նորաձևութունը:

– Նորաձևությունը չունի օրենքներ, չունի ստանդարտներ և հստակ գծապատկերներ, այդ իսկ պատճառով չեմ կարող հստակ շտկումներ կամ դիտողություններ կատարել։ Ինչպես յուրաքանչյուր գործում կան պրոֆեսիոնալ մասնագետներ, այդպես էլ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր կրկնօրինակում և խեղաթյուրում են այլ մասնագետների գործերը: Դա շատ է խանգարում մեր պրոֆեսիոնալների աշխատանքին: Իսկ ինչ վերաբերվում է պրոֆեսիոնալ մոտեցմանը, կարծում եմ, որ Հայաստանում կան շատ արժանի մասնագետներ:

– Ո՞ր ոճն է ձեզ ավելի հոգեհարազատ։

– Յուրաքանչյուր մարդ ունի իր ոճը և յուրաքանչյուրի հետ պետք է փորձենք գտնել իրեն համապատասխան ոճ և փորձենք իր մարմնին համապատասխան հագուստ ստանալ: Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ես սիրում եմ ազատ հագուստներ կամ սպորտայինը և դասականը միաձուլած՝ կախված օրվա և եղանակի թելադրանքի:

– Ո՞ր ժամանակաշրջանի նորաձևությունն է ձեզ ավելի դուր գալիս:

– Ամեն ժամանակաշրջան ունի իր սիրվելու երանգները, հստակ չեմ կարող առանձնացնել, քանի որ միշտ կարծել եմ, որ ոճաբանը պետք է ժամանակի հունով շարժվի և զգա յուրաքանչյուր ժամանակաշրջանի գեղեցկությունն ու ոճը:

– Ո՞վ է ձեր ոգեշնչման աղբյուրը:

– Ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ միայն իմ հաճախորդների ջերմ կարծիքներն ու հաճոյախոսությունները: Ինձ համար առաջնային է հաճախորդին տրամադրել որակյալ հագուստ և, իհարկե, տեսնել իրենց գոհացված:

– Ի՞նչ է թելադրում ձմեռը, և ինչպե՞ս է անհրաժեշտ հագնվել ցուրտ եղանակին: Կա՞ն արդյոք հատուկ խորհուրդներ, որպեսզի և՛ տաք լինի, և՛ հարմարավետ:

– Միանշանակ տաք՝ հետևելով մեր առողջությանը: Յուրաքանչյուր եղանակին մարդ պետք է հետևի իր հագուստին և համաձուլի ոճայինը հարմարավետի և տաք լինելու միջև:

– Ձեր խորհուրդն այն աղջիկներին, որոնք ցանկանում են նորաձև լինել՝ առանց մեծ գումարներ ծախսելու:

– Նորաձև լինելը գումարի հետ կապված չէ, նորաձև կարող ես լինել շատ մատչելի հագուստներով: Պարզապես յուրաքանչյուր հագուստ հագնելուց պետք է հագնվել սիրով և ճիշտ համադրված, քանի որ մենք ենք համադրում հագուստը և այն գեղեցկացնում, այլ ոչ թե հակառակը:

Հեղինակ՝ Նորա Ղազարյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ