Դեկտեմբերի 3-ին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում տեղի ունեցավ վերջին ձեռքբերումներին նվիրված մեծածավալ ցուցադրության բացումը, որտեղ ներկայացվեցին նաև ականավոր հայ նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի երկու ստեղծագործությունները։ Այս մասին հայտնում է Երվանդ Քոչարի թանգարանը։
Բացման հանդիսավոր արարողության ընթացքում թանգարանի տնօրեն Քսավիե Ռեյը հատուկ անդրադարձ կատարեց Երվանդ Քոչարի արվեստին՝ ընդգծելով նրա նշանակալի ներդրումը համաշխարհային կերպարվեստում։ Նա նաև կարևորեց Քոչարի դերը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման համատեքստում։ «Երվանդ Քոչարի ստեղծագործությունները վկայում են հայկական արվեստի հարուստ ժառանգության և դրա միջազգային մշակութային արժեքի մասին», — նշել է Ռեյը։
Երվանդ Քոչարի թանգարանը խորին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը՝ ցուցահանդեսի կազմակերպմանը իրենց աջակցությունը ցուցաբերելու համար։ Քոչարի աշխատանքների ներառումը այս ցուցադրությունում ոչ միայն մեծարում է նրա արվեստը, այլև ընդգծում հայ-ֆրանսիական մշակութային կապերի կարևորությունը։
Այս նշանակալի իրադարձությունը եզակի հնարավորություն է ընձեռում միջազգային բեմում ներկայացնել Երվանդ Քոչարի արվեստի բարձրարժեք ժառանգությունը՝ ամրապնդելով նրա տեղը ժամանակակից արվեստի պատմության մեջ։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)