fbpx
Խորհրդարան

Եթե անգամ կա ՍԴ ճգնաժամ, դրա համար չի կարելի մատաղ անել իրավունքի գերակայությունը․ Մարուքյան

«Իմ քայլը» խմբակցությունն էլ է հասկանում, որ շատ պրոբլեմատիկ փաթեթ են բերել և փորձում են ինչ-որ խնդիրներ շտկել, բայց թե ինչ խնդիր է, ես էլ չգիտեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի օրակարգից Սահմանադրական փոփոխությունների մասին նախագծի հետկանչմանը:

«Ամեն դեպքում, նախագիծը միանշանակ լի է բազմաթիվ խնդիրներով: Երբ մտածում էի՝ ինչ հարց տալ հեղինակին՝ այնքան հարց ունեմ, որ անհնար է 3 ժամանոց փաթեթի քննարկմանը և 5 ժամանոց մեծ փաթեթի հարցեր տալը»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ոչ միայն առանց Սահմանադրական դատարանի և Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցում է խնդիրներ տեսնում, այլև կան բազմաթիվ այլ քաղաքական հարցեր:

«Քաղաքական մեծամասնությունը Սահմանադրության այն հոդվածը, որն ուզում է փոխել, կարող է փոխել խորհրդարանում, բայց իրենք երկրորդ ընթերցման փաստաթղթեր չեն ներկայացրել: Ինչո՞ւ, որ առաջին ընթերցումից հետո տապալեն այդ նախագիծը, որ գնա հանրաքվեի: Եթե խորհրդարանը կարող է այդ փոփոխությունն անել, ինչու եք տանում ժողովրդին ընտրական տեղամասեր: Ինչ-որ մեկը կարող է սա բացատրել»,-ասաց նա:

ԼՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ միևնույն է, առանց ՍԴ եզրակացության Սահմանադրությունում փոփոխություն կատարելը, թե՛ խորհրդարանի կողմից, թե՛ հանրաքվեի միջոցով, ապօրինի է:

«Ինչու է պետք մինչև մայիս քարոզարշավ ունենալ մեկ հոդված փոփոխելու համար և ՀՀ միլիոնավոր քաղաքացիների տանել ընտրատեղամասեր: Ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, նախկին իշխանություններին քարոզարշավին մասնակցելու հնարավորություն տալիս: Ինչո՞ւ եք նրանց հնարավորություն տալիս բանտերից, ազատության մեջ եղած ժամանակ դառնալ քարոզիչներ: Այս իշխանությունն անդադար ինքն իր ոտքի վրա կրակելով է զբաղված»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա կարծիքով՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին հայտարարությունը «սուտ պատմություն է», իսկ սահմանադրական փոփոխությունները՝ հակասահմանադրական պրոցես: Էդմոն Մարուքյանը բացառում է, որ «Լուսավոր Հայաստանը» կողմ կքվեարկի «Իմ քայլի» նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների նախագծին:

«ՍԴ ճգնաժամը սուտ պատմություն է, բայց եթե անգամ ընդունենք, որ ինչ-որ մի մարդ ասել է՝ կա ճգնաժամ և մյուսները համաձայնել են այդ մեկ մարդու հետ և ասում են՝ կա ճգնաժամ, այդ ճգնաժամի համար չի կարելի մատաղ անել իրավունքի գերակայությունը, մեր միջազգային վարկը: Ասեք մի ռեֆորմ, որ իշխանությունն ուզեցել է անել և ՍԴ-ն արգելափակել է, հեքիաթ է»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ