Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևի նախաձեռնությամբ՝ Հայաստանի խորհրդարանի պատգամավորների և Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի մասնակցությամբ, Եվրախորհրդարանում տեղի է ունեցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին նվիրված համաժողով։
Այն կազմակերպվել է քննարկելու Եվրախորհրդարանի կողմից հայ ռազմագերիների վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը: Հիմնական բանախոսներն են եղել միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, «Արևելյան Եվրոպա-Հարավային Կովկաս. միջազգային համագործակցություն մարդու իրավունքների ոլորտում» ծրագրի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի միգրացիոն բաժնի ղեկավար Արիֆ Յունուսը և Libertas 2020 նախագծի ներկայացուցիչ, Covcas իրավունքի և կարգավորման կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը:
«Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ բոլոր դատական գործերը հակասում են ոչ միայն միջազգային իրավունքին, այլև հենց Ադրբեջանի սահմանադրությանը։ Ալիևի համար կարևոր է ցույց տալ, որ ոչ միայն գրավել է Լեռնային Ղարաբաղը, այլև պատժում է բոլորին»,- ընդգծել է Արիֆ Յունուսը:
Սիմոն Պապուաշվիլին, հիմնվելով իրենց հասանելի փաստերի վրա, նշել է, որ հայ ռազմագերիները ենթարկվում են աննախադեպ դաժան խոշտանգումների և զրկված են փաստաբան ընտրելու հնարավորությունից։
«Բաքվի ռեժիմի կողմից պահվող անձինք բանտարկյալներ չեն, նրանք գերիներ են։ Ադրբեջանը խախտում է հրադադարի վերաբերյալ իր ստորագրած եռակողմ հայտարարությունը, որում հստակ նշված է, որ բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն փոխադարձ հիմունքներով»,- ասել է դեսպան Բալայանը:
Անդրեյ Կովաչևն էլ ընդգծել է, որ ռազմագերիները և կալանավորները պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ առանց որևէ նախապայմանի։