Եվրոպական Հանձնաժողովի հովանու ներքո Սպոլետո քաղաքի Ա. Բելլի երաժշտական Էքսպերիմենտալ թատրոնը հայտարարել է «Եվրոպական Համայնք 2020» երիտասարդ օպերային երգիչների 74-րդ մրցույթը:
Մրցույթին կարող են մասնակցել ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև Իսլանդիայի, Լիխտենշտայնի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Սերբիայի, Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, Թունիսի քաղաքացի հանդիսացող և 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ 32 տարին չլրացած սոպրանո և տենոր, ինչպես նաև 34 տարին չլրացած մեցցո-սոպրանո, կոնտրալտ, բաս և բարիտոն երիտասարդ երգիչները:
Մրցույթին մասնակցելու համար դիմորդները պետք է ներկայացնեն կոնսերվատորիայում, լիցեյում կամ երաժշտական դպրոցում իրենց ուսանելու վերաբերյալ փաստաթուղթ: Հաղթողներին հնարավորություն կտրվի հաճախել 2020-2021 թթ. հինգ ամիս տևողությամբ նախապատրաստական դասընթացների: Այդ ժամանակահատվածում նրանք երեք ամիս կստանան 700 եվրո կրթաթոշակ (ներառյալ պահումները) և կկնքեն մշակութային համագործակցության երկամսյա համաձայնագիր, որի ընթացքում կստանան 1450 եվրո (ներառյալ պահումները): Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հանդես կգան 2020 թ. օպերային համերգաշրջանում:
Առաջին տեղը զբաղեցրած մասնակցի համար նախատեսված է 15000 եվրոյի չափով պարգևավճար:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2020 թ. փետրվարի 13-ը: Մանրամասների և հայտաձևի համար կարելի է այցելել www.tlс-belli.it կայքէջը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։