fbpx
Քաղաքականություն

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում ՀՀ-ի և Իրանի հանդեպ արված ամեն ստոր քայլ

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է Հայաստանի և Իրանի բարեկամական երկրների միջև սեպ խրելու ամեն մի ստոր քայլ և գործողություն:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում Հայ–իրանական և իրանա–ադրբեջանական հարաբերություններում նկատելի է բուռն և աննախադեպ զարգացումները:
Թե’ հայրենիքում և թե’ սփյուռքում մեզ բոլորիցս պահանջվում է հարցի նկատմամբ միասնական և լուրջ մոտեցում:

Եվրոպայի հայերի համագումարը նախանձախնդիր մեր հայրենիքի և մեր պետականության ամրապնդման և հզորացման՝ իր խոր վրդովմունքն է արտահայտում թավիշի արդյունքում բանտի փոխարեն Ազգային Ժողովում հայտնված քոչարյանա–սերժա–դաշնակցական կոալիցիայի որդեգրած հակապետական, հակազգային քաղաքականության առթիվ: Այս ուժերը Ազգային Ժողովում հայտնվելով, ոչ միայն նպատակ չունեն ծրագիր ներկայացնելու և քաղաքական գործունեություն ծավալելու, այլ ընդհակառակը առավել սանձարձակ ու բացահայտ գլուխ են բարձրացրել և կացնահարում են պետության հիմքերը:

Ցավալի է, որ 20 տարի երկրի նախագահական աթոռը զբաղեցրած այս երկու վայ նախագահները և 130 տարի ազգ ու անկախություն գոռացող դաշնակցական լիդերները ամեն գնով իշխանության հասնելու և իրենց անձնական և խմբակային նեղ շահերը և թալանածը պահելու համար պատրաստ են կասեցնելու երկրի զարգացման ընթացքը և ադրբեջանա–թուրքական ագրեսիայի այս կրիտիկական պահին՝ կրկին անգամ երկիրը ներքաշելու խռովությունների և անկայունության քաոսի մեջ:

Նոր իշխանությունների նկատմամբ սրանց անձնական ատելությունը հասել է այնպիսի անասելի մակարդակի, որ պատրաստ են իրենց կեղծ ու ստահոդ հայտարարություններով իրանական իշխանություններին և գրեթե բոլորին դրդել՝ գործելու Հայաստանի կենսական շահերի դեմ: Այն պարագային երբ Վարչապետը հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունները երբեք Իրանի դեմ դավադրությունների մեջ չեն մտել ու չեն մտնելու, ՀՅԴ բյուրոյի վերջին հայտարարությունը և դրանց տարածումը հայտնի լրատվամիջոցների և որոշակի խմբավորումների միջոցով նպատակ ունեն Իրանին դրդելու Հայաստանի դեմ:

Հատկապես դատապարտելի է այն քաղաքականությունը, որ դաշնակցության վերին օղակները հատկապես սփյուռքի որոշ համայնքներում ամեն գնով և շարունակաբար Իրանական, ինչպես նաև զանազան շրջանակներում և երկրներում տարածում են կեղծ և ստահոդ լուրեր և լուրջ վտանգի են ենթարկում ոչ միայն հայ–իրանական բարեկամական հարաբերությունները, այլ նաև օտարի աչքին նսեմացնում և արժեզրկում են Հայաստանն ու նրա պետականությունը: Նման քայլերը ներում չունեն և չեն մոռացվելու հայ ժողովրդի կողմից:

Ազատ և մրցակցային մթնոլորտում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի բռնության կոչերով և երկիրը քաոսի վերածելու գնով թուլացնել պետականության հիմքերը և հասնել իշխանության: Նման անհեռանկար և արկածախնդրական քայլերը ներկա պայմաններում հավասարազոր են դավաճանության և արտաքին թշնամու հետ գործակցության, ուստի և պիտի ստանան իրենց արժանի պատասխանը և պատիժը:

Քոչարյանի համար Հայաստանի անկախությունը արժեք չէ, և կարելի է սակարկել. Սերժ Սարգսյանի համար կարևոր է մանկական հոխորտանքը և հիմար ու անիմաստ մտքերը, իսկ դաշնակցության համար ստորաքարշությունը դարձել է ռազմավարություն: Ափսոս են այն երիտասարդ անդամները և համակիրները, ովքեր հավատալով այս վայ ղեկավարների կեղծ հայրենասիրությանն ու կոկորդիլոսի արցունքներին՝ սիրահոժար կատարում են նրանց հակազգային ամեն մի հրահանգ և ցանկություն:

Կոչ ենք անում մեր սփյուռքի հայրենակիցներին, ինչպես միշտ զգոն լինել և չհավատալ նման ստահոդ լուրերին և ամենուր դեմ դուրս գալ և դատապարտել սփյուռքը բաժան–բաժան անող կեղծ հայրենասերներին և ապազգային «ազգայիններին»:

Նոր ժամանակները պահանջում են նոր լուծումներ: Եվրոպայի հայերի համագումարը իր կարելիությունների սահմաններում աշխատել ու աշխատում է, որ սփյուռքը իր բազմազանությամբ հանդերձ, հայրենիքի անվտանգության և հայրենիքին համակողմանի ծառայելու ուղղությամբ դառնա միակուռ, հզոր և միասնական:

Կեցցե Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը»,- գրված է հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ