ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի շրջանակներում շարունակում է միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքը:
Մայիսի 14-ին նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ԱՌԿ և քաղաքային հարցերով Համաշխարհային բանկի տնօրեն Սամեհ Վահբայի հետ։
ԱԻ նախարարը, ողջունելով հյուրին, գոհունակություն է հայտնել կառույցի հետ երկարատև և արդյունավետ համագործակցության համար և նշել, որ վերջերս է հանդիպել ՀՀ-ում համաշխարհային բանկի ներկայացուցչության հետ։
Սամեհ Վահբան, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված, որն արդյունավետ աշխատանքի լավ գրավական է:
Նախարար Ցոլակյանն անդրադարձ է կատարել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի, ՀԲ-ն պետք է ՀՀ ԱԻՆ քննարկմանը ներկայացնի նոր ծրագիր, որտեղ ներառված կլինեն այն կարիքները, որոնց շրջանակներում ՀԲ-ն կկարողանա աջակցություն ցուցաբերել կառույցին։
Սամեհ Վահբան խոստացել է հետևողական լինել, որպեսզի ծրագիրը ներկայացվի ԱԻՆ-ին և նախարարությունը հնարավորություն ունենա ներկայացնել իր դիտողություններն ու առաջարկությունները:
Հանդիպման ավարտին կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել կառուցողական երկխոսության կապակցությամբ՝ հուսալով, որ այն կկրի շարունակական բնույթ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)