Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում հեռավար կարգով անցկացվեց ՖԻՖԱ-ի The Best ամենամյա մրցանակաբախությունը:
ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» մրցանակին արժանացան Դանիայի ազգային հավաքականի անդամները և բժշկական անձնակազմը՝ Քրիստիան Էրիկսենի կյանքը Եվրո-2020-ի ընթացքում փրկելու համար:
Պուշկաշի անվան տարվա լավագույն գոլի մրցանակին արժանացավ անգլիական «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Էրիկ Լամելան:
Տղամարդկանց պայքարում տարվա լավագույն դարպասապահը Լոնդոնի «Չելսի»-ից Էդուարդ Մենդին է:
2021 թվականի լավագույն մարզչի մրցանակին արժանացավ «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
Տղամարդկանց տարվա խորհրդանշական ընտրանու կազմում են` Ջանլուիջի Դոննարումման, Դավիդ Ալաբան, Ռուբեն Դիասը, Լեոնարդո Բոնուչին, Ջորջինյոն, Նգոլո Կոնտեն, Քևին դե Բրույնեն, Կրիշտիանու Ռոնալդուն, Էրլինգ Հոլանդը, Ռոբերտ Լևանդովսկին և Լիոնել Մեսին:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, կանանց պայքարում լավագույնը Ալեքսիա Պոտելասն է «Բարսելոնա»-ից:
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էլ արժանացավ ՖԻՖԱ-ի բացառիկ մրցանակին` խփած գոլերի համար: