Ինչպես հաղորդում է ESPN-ը, հարցվածների 49%-ը լրջորեն մտածում է կարիերան վաղաժամկետ ավարտելու մասին: Նրանց 59%-ը որպես հիմնական պատճառ նշել է ֆինանսական դժվարությունները, իսկ 46%-ը՝ հոգեբանական սթրեսը: Զեկույցն ընդգծում է անդունդը սպորտային վերնախավի և շարքային մարզուհիների առօրյա պայմանների միջև:
Կոմերցիոն աճ և իրական եկամուտներ
Թեև համաշխարհային միջին ամսական եկամուտները 2017 թվականից ի վեր եռապատկվել են՝ հասնելով 2601 դոլարի, մեդիան աշխատավարձը մնում է զգալիորեն ցածր՝ կազմելով 1669 դոլար: Ֆինանսական աճը հիմնականում կենտրոնացած է սահմանափակ թվով էլիտար ակումբներում և առաջնություններում, մինչդեռ աշխատուժի մեծ մասը գտնվում է խոցելի վիճակում:
Տարածաշրջանային տարբերությունները չափազանց ակնառու են։ Միջին ամսական աշխատավարձը Հյուսիսային Ամերիկայում կազմում է 6450 դոլար, կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում՝ 3982 դոլար, մինչդեռ Արևելյան Եվրոպայում այն իջնում է մինչև 878 դոլար, իսկ Աֆրիկայում՝ 480 դոլար: Հետազոտված Արևելյան Եվրոպայի 10 երկրներում խաղացողների միջին վարձատրությունը ցածր է ազգային նվազագույն աշխատավարձից:
Պայմանագրային անկայունություն և ինստիտուցիոնալ բացթողումներ
Պայմանագրային անկայունությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր: Չնայած պայմանագրերի միջին տևողությունը 2017 թվականի մոտ մեկ տարուց աճել է հասնելով 19 ամսի, խաղացողների միայն երկու երրորդն է վարձատրվում ամբողջ 12 ամիսների համար: Մարզուհիների զգալի մասը ստորագրում է 7 կամ 9-ամսյա պայմանագրեր՝ ստիպված լինելով տարվա մնացած մասին այլ աշխատանք փնտրել:
Բացի այդ, հարցվածների 24%-ը վերջին երկու մրցաշրջանների ընթացքում բախվել է աշխատավարձի ուշացումների, իսկ 42%-ը զրկված է կենսաթոշակային ապահովությունից: Չնայած այն հանգամանքին, որ բարձրագույն լիգաների մասնակից բոլոր հարցվողները պաշտոնապես պրոֆեսիոնալ են համարվում, միայն 78%-ն ունի գրավոր պայմանագիր, և միայն 57%-ն է նշել, որ ստացվող գումարը բավարար է խաղալու հետ կապված ծախսերը հոգալու համար:
Հոգեբանական մարտահրավերներ և թվային ճնշում
Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հոգեբանական առողջությանը։ Հարցվածների 57%-ը բախվել է հոգեբանական խնդիրների, ընդ որում՝ նրանց կեսը որևէ աջակցություն չի ստացել ակումբների կողմից։ FIFPRO-ի կանանց ֆուտբոլի ստորաբաժման ղեկավար դոկտոր Ալեքս Կուլվինը նշել է, որ թվային դարաշրջանում խաղացողներն առավել խոցելի են առցանց հալածանքների և բռնության նկատմամբ՝ առանց համապատասխան ինստիտուցիոնալ պաշտպանության:
Միևնույն ժամանակ, զեկույցն արձանագրել է դրական տեղաշարժ մայրության պաշտպանության հարցում: Եթե 2017 թվականին ընտանիք ունենալու ցանկությունը կարիերան վաղաժամկետ ընդհատելու պատճառ էր նշում հարցվածների կեսը, ապա այժմ այդ ցուցանիշը նվազել է մինչև 19%, ինչը միությունը կապում է FIFA-ի կողմից 2021 թվականին ներդրված մայրության կանոնակարգերի հետ:
Հետագա քայլերը և պահանջները
FIFPRO-ն կոչ է անում մարզական կառույցներին և ակումբներին սահմանել զբաղվածության նվազագույն պարտադիր չափորոշիչներ՝ ներառյալ վարձատրությունը, ենթակառուցվածքները և հոգեբանական աջակցությունը։ Միությունն ընդգծում է, որ կոմերցիոն հաջողությունը և խաղացողների բարեկեցությունը պետք է զարգանան զուգահեռաբար:

