Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության կայուն նվազումը և տուբերկուլոզային ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների թերբեռնվածությունը՝ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների օպտիմալացում, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների կրճատում։
Միաժամանակ, հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող և միջազգայնորեն ընդունված տուբերկուլոզային բուժման հիվանդակենտրոն մոդելը՝ տուբերկուլոզային ծառայությունն ուժեղացվում է առողջության պահպանման առաջնային օղակում՝ պոլիկլինիկաներում, առավել հասանելի դարձնելով բնակչության համար և տուբերկուլոզի կասկածի դեպքում ախտորոշման հնարավորությունը և բուժման դեպքում ամենօրյա հսկողությունը։
2019 թվականին առողջապահության նախարարի հրամանով հաստատված տուբերկուլոզի բուժման նոր ուղեցույցը նկարագրում է միջազգային լավագույն փորձի վրա հիմնված հիվանդներին տուբերկուլոզի ծառայությունների մատուցման առավել մատչելի հնարավորություններ՝ տնային այցեր, վիդեոզանգ, ընտանիքի անդամի միջոցով հսկվող բուժում, որոնց ներդրումը նվազեցնում է տուբերկուլոզային ծառայություններ մատուցողների առկա ծավալների կարիքը։
Ելնելով վերը նշվածից` առողջապահության նախարարությունում քննարկվում է 2020 թվականի ծախսերում Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակահարմարությունը։
Սույն դիսպանսերի հիմնադիրը Երևանի քաղաքապետարանն է և դրա հետագա վերապրոֆիլավորման կամ այլ ծառայություններ մատուցելու կենսունակության ապահովման հարցերը դուրս են առողջապահության նախարարության լիազորությունից։
Այն պացիենտները, որոնք գործադուլի արդյունքում կունենան ստացիոնար բուժման կարիք, իրենց բուժումը կարող են շարունակել Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում կամ տեղամասային պոլիկլինիկաներում:
Առողջապահության նախարարություն