fbpx
Կառավարություն

Ֆինանսական կառույցների հետ քննարկվել են մի շարք հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկանում ենք, որ ֆինանսական կառույցների հետ քննարկվել է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետաջակցության ծրագրի բարելավման հնարավորությունը:

«ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 6-ին նախաձեռնել է ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում` քննարկելու «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագիրը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Կենտրոնական բանկի, ծրագրում ընդգրկված ֆինանսական կառույցների՝ «Արմսվիսբանկ», «Ամերիաբանկ» ընկերությունների, «ԱԳԲԱ Լիզինգ», «Արմենիա լիզինգ քամփնի» ունիվերսալ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները։

«Ագրոպարենային ոլորտի լիզինգի ծրագիրը գյուղատնտեսության ոլորտում իրականացվող կարևոր ծրագրերից է, և հատկանշական է, որ 2020 թվականի առաջին կիսամյակում վերամշակման սարքավորումների ձեռքբերման համար տրամադրվել է շուրջ 1,5 անգամ ավելի շատ լիզինգ, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերման համար առաջին կիսամյակում արդեն տրամադրվել է 284 լիզինգ՝ 20%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Մեր նպատակներից է պետական աջակցության ծրագրերը դարձնել առավելագույնս կիրառելի և հարմարավետ հնարավոր շահառուների համար», – նշել է Արման Խոջոյանը։

Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պարզաբանել են, որ լիզինգի տրամադրման ամսաթիվ է համարվում լիզինգի պայմանագրի կնքման օրը, ինչպես նաև քննարկվել են ծրագրի հիմնական դրույթները, արտոնյալ պայմաններն ու ծրագրի շրջանակում կիրառվող գործիքակազմը։ Ֆինանսական կառույցների հետ քննարկվել են մի շարք առաջարկներ ծրագրի բարելավման ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Կենտրոնական բանկի հետ համատեղ կմշակվեն ծրագրով ձեռքբերվող ջերմոցային կոնստրուկցիաների, սառնարանային սարքավորումների և սպանդանոցային տնտեսությունների կառուցման համար անհրաժեշտ իրավաբանական կարգավորումները, որոնք առաջիկայում կներառվեն ծրագրում՝ բացառելով ծրագրի իրականացման փուլում հնարավոր խոչընդոտները։

Արման Խոջոյանն ընդգծել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է հանգամանորեն ուսումնասիրել հանդիպման ընթացքում ներկայացված յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի ծրագրի արդյունավետ իրականացմանը»,-ասվում է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ