Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է ներառական լսարան, որտեղ սովորելու են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք: Հայաստանում բազկամարտ մարզաձևի հիմնադիր, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Աշոտ Սարգսյանի պատվին անվանակոչված լսարանն ամբողջությամբ հարմարեցված է ներառական կրթության համար՝ թեքահարթակներից մինչև սանհանգույց: Հայաստանում կրթական համակարգի ներառականության ապահովումը ՀՀ կառավարության` կրթության ոլորտի առաջնահերթություններից և կրթական բարեփոխումների կարևոր բաղադրիչներից է:
ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանն ընդգծել է, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ, և դրա արդյունքում բուհը նույնպես դառնում է բարեփոխումների կրողը։ «Քայլեր են ձեռնարկվում ոչ միայն ֆիզիկական մատչելիության ապահովման ուղղությամբ, այլև, հաշվի առնելով բարձրագույն կրթության համակարգում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության կարևորությունը ներառական հասարակության կայացման հարցում, մենք հանձն ենք առել իրականացնել քայլեր ծրագրային և սոցիալական մատչելիության, ինչպես նաև ակադեմիական ներառականության ուղղությամբ»,- ասել է Դ․ Խիթարյանը:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ներառականության և մատչելիության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են նաև այլ քայլեր․ տարեսկզբից բուհի անվտանգության համակարգում աշխատում են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։