Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին ամբողջական է, հաստատուն և առանց նախապայմանների։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Դեսպանի խոսքով՝ Ֆրանսիան լիարժեքորեն աջակցում է Հայաստանին՝ ընդգծելով, որ դա ոչ միայն քաղաքական, այլև բարոյական և դիվանագիտական պարտավորություն է։ Նա հստակ շեշտեց, որ այս աջակցությունն արտահայտվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից և ընդգրկում է Հայաստանի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության պաշտպանությունը։
Դըկոտինյին նաև խաղաղություն մաղթեց Հայաստանին՝ նշելով, որ միայն խոսքերը բավարար չեն խաղաղության հասնելու համար։ Նա վերահաստատեց Ֆրանսիայի հանձնառությունը երկարատև և արդարացի խաղաղության հաստատման գործում, ընդգծելով, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել այդ նպատակին հասնելու համար։
«Սա տարածաշրջանում երկարատև և արդարացի խաղաղության հանձնառություն է, բայց նաև հանձնառություն է Հայաստանի կողքին լինելու, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը»,- եզրափակեց դեսպանը։
Ֆրանսիայի այս հայտարարությունը, հատկապես տարածաշրջանում շարունակական լարվածության պայմաններում, կարևոր ազդակ է՝ Հայաստանի հետ դաշնակցային կապերի ամրապնդման և խաղաղության գործընթացներում միջազգային աջակցության ապահովման համար։
Աղբյուր՝ Արմենպրես